Ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարձակումը վնասել է ռուսական տեխնոլոգիական հսկա Yandex-ի տվյալների կենտրոնը, ուրբաթ հայտարարել է ընկերությունը: Դա Yandex-ի օբյեկտներին երկրորդ հարվածն է վերջին երկու օրվա ընթացքում:
Կիևը հստակ որոշել է հակադարձել վերջին շրջանում ուկրաինական տվյալների կենտրոններին ՌԴ ԶՈՒ-ի հաճախակի դարձած հարվածներին։ Yandex-ը, որը հաճախ անվանում են «ռուսական Google», կառավարում է երկրում ամենահայտնի որոնողական համակարգը, ինչպես նաև սննդի պատվիրման ու տաքսի ծառայությունները, որոնցից օգտվում են տասնյակ միլիոնավոր մարդիկ:
«Անօդաչու թռչող սարքի հարձակումից վնասվել է Կալուգայի Yandex տվյալների կենտրոնի ենթակառուցվածքի մի մասը: Տվյալների կենտրոնի մի քանի մոդուլ ամբողջությամբ շարքից դուրս է եկել»,- ասվում է ընկերության հայտարարության մեջ:
Նախօրեին անօդաչու թռչող սարքերի հարվածների հետևանքով մեծ հրդեհ էր բռնկվել Սասովո քաղաքի (Ռյազանի մարզ) Yandex-ի տվյալների կենտրոնում: Դա առաջին նման հարվածն էր Ռուսաստանի տարածքին:
Դրոնային հարձակումը զանգվածային խափանումներ է առաջացրել օրվա ընթացքում. օգտատերերը չեն կարողացել մուտք գործել հիմնական տրանսպորտային ծառայությունների և առցանց առևտրային հարթակների կայքեր:










