Թրամփը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում հիշեցրել է, որ ութ հակամարտություն է կարգավորել

Թրամփը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում հիշեցրել է, որ ութ հակամարտություն է կարգավորել

Դոնալդ Թրամփը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամբիոնից հայտարարել է, որ իր պաշտոնավարման ընթացքում բազմաթիվ խնդիրներ է լուծել:

«Մինչ ուրիշները խոսում էին խաղաղության մասին, ես այն հաստատեցի։ Մինչ ուրիշներն անտեսում էին սպառնալիքները, ես դիմակայում էի դրանց»,- ընդգծել է ԱՄՆ նախագահը։

Նա հիշեցրել է, որ 8 հակամարտություն է կարգավորել, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև:

«Հայաստանի վարչապետն ասաց՝ այս բեկումը պարզապես հնարավոր չէր լինի առանց նախագահ Թրամփի անձնական ներգրավվածության և խաղաղությանը նրա վճռական հանձնառության։ Ադրբեջանի նախագահն ասաց, որ ես վեց ամսում հրաշք գործեցի»,- շեշտել է Սպիտակ տան ղեկավարը։

Խոսելով ռուս-ուկրաինական պատերազմի մասին՝ Թրամփը վստահություն է հայտնել, որ հակամարտությունը կկարգավորվի ավելի շուտ, քան շատերն ակնկալում են։

«Վաշինգտոնն աշխատում է Ռուսաստանի և Ուկրաինայի ղեկավարության հետ՝ պատերազմին վերջ դնելու համար»,- շեշտել է ԱՄՆ նախագահը։

Թրամփն անդրադարձել է Իրանին, հայտարարել, որ Թեհրանը բազմիցս մերժել է գործարքի վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկները: Նա շեշտել է՝ Իսլամական Հանրապետությունը երբեք միջուկային զենք չի ունենա, իսկ ԱՄՆ-ի և Իրանի միջև կարող է գործարք կնքվել նոյեմբերին նախատեսված Կոնգրեսի միջանկյալ ընտրությունից հետո։ Սպիտակ տան ղեկավարը խոստացել է, որ նավթի գները շուտով կկարգավորվեն:

Դոնալդ Թրամփը հավելել է՝ ԱՄՆ-ը ավելի հզոր է, քան երբևէ, երկրի զինված ուժերն աշխարհում ամենաուժեղն են, և դրանք կարող են գործի դրվել, եթե Միացյալ Նահանգներին վտանգ սպառնա:

Խոսելով Գրենլանդիայի անվտանգության ապահովման շուրջ Դանիայի հետ ձեռք բերված համաձայնության մասին՝ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը Պիտուֆիկից բացի ևս երկու ռազմաբազա կկառուցի կղզում և թույլ չի տա հակառակորդներին այնտեղ ներդրումներ կատարել կամ այլ տեսակի ներկայություն ունենալ:

Սպիտակ տան ղեկավարը նաև անդրադարձել է Կուբային՝ այն որակելով «ձախողված պետություն», ինչից հետո Կուբայի ներկայացուցիչները լքել են Գլխավոր ասամբլեայի դահլիճը։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում