Այդ հայտարարությունները չեն նպաստում և օգտակար չեն խաղաղության համատեքստում, դրանք նաև անհիմն են, հայտարարել է Ազգային ժողովի նախագահը՝ արձագանքելով Ադրբեջանի նախագահի օգնականին: Ռուբեն Ռուբինյանը նշել է, որ խաղաղությունը խնամքի կարիք ունի և շատ կարևոր է տարբեր հարցերի վերաբերյալ զգայունություն ցուցաբերելը: Հիքմեթ Հաջիևը օրերս Ղարաբաղի հայկական պատմամշակութային ժառանգությունը ներկայացրել էր աղվանական: ԱԺ-ում նախագծերի քննարկումն անցել է թեժ մթնոլորտում:-Վարդուհի
Խորհրդարանի միջանցքում ևս չեն շրջանցել Գանձասարի ձեռագրերի թեման: Կառավարող ուժի պատգամավորները նկատել են՝ տասնամյակներ տևած հակամարտությունը կասեցնելը մեծ ջանքեր է պահանջում, ուստի պետք է այդ ջանքերը ներդնել: Հաշվի առնելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը նախաստորագրված խաղաղության պայմանագիր ունեն, ըստ պատգամավորների՝ նման հարցերի քննարկումը պետք է թողնել դիվանագետներին: Լրագրողներին հետաքրքրել են նաև հայ-ռուսական հարաբերություններն ու գազի գնի շուրջ հետագա զարգացումները:-Մերի
Ամբողջ աշխարհում նկատվում է բենզինի գների բարձրացում՝ պատճառը հակամարտություններն են այն երկրներում, որոնք ունեն նավթ: Հայաստանը բենզին ներմուծող երկիր է, սակայն մեր երկրում գնաճը շատ չի տարբերվում միջազգային գներից: Ըստ մասնագետների, Հայաստանը կարողացել է դիվերսիֆիկացնել բենզինի պահանջարկը, քանի որ նախկինի նման կախվածություն չունի մեկ երկրից:-Նիկոլայ
Երևանի քաղաքապետը համապատասխան վաչություններին երկու ամիս ժամանակ է տվել՝ ավտո-կայանատեղիների կազմակերպման նոր տրամաբանություն քննակելու և դրանց գործունեությունը օրինական դաշտ բերելու համար: Տիգրան Ավինյանի կարծիքով՝ միջին մակարդակի որոշ չինովնիկներ փորձում են գումար աշխատել այս ոլորտում, ինչը պետք է վերացնել: Քաղաքապետը կարծում է նաև, որ կենտրոնի որոշ փողոցներից կայանատեղիներն ընդհանրապես պետք է դուրս գան, որպեսզի չխանգարեն երթևեկությանը: Գործակարգավարական նիստի մանրամասները՝ ռեպորտաժում:-Աննա
ՇՈՏԼԱՆԴԻԱՆ, ՈՒԵԼՍԸ ԵՎ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԻՌԼԱՆԴԻԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ԵՆ ՍՏՈՐԱԳՐԵԼ
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Քարդիֆում համաձայնագիր են ստորագրել Միացյալ Թագավորության կազմից դուրս գալու գործընթաց սկսելու մասին: Թագավորության կազմի մեջ մտնող երկրների ղեկավարները Բրիտանիայի կառավարությանը կոչ են արել պատրաստել սահմանադրական փոփոխություն՝ պնդելով, որ Լոնդոնն այլևս չի կարող անտեսել աճող աջակցությունն անկախության և Իռլանդիայի վերամիավորման գաղափարներին:
Ստորագրումից հետո մամուլի ասուլիսում Շոտլանդիայի առաջին նախարար Ջոն Սվինին հայտարարել է, որ ոչ մի խոչընդոտ չպետք է լինի երեք երկրների համար՝ որոշելու իրենց սեփական սահմանադրական ուղին: Նրա խոսքով՝ Շոտլանդիայում անհրաժեշտ է անկախության հանրաքվե անցկացնել մինչև 2031 թվականը՝ ներկայիս խորհրդարանի ժամկետի ավարտը: Սվինին նաև Էնդի Բըրնհեմին բնութագրել է որպես Միացյալ Թագավորության «վերջին վարչապետ»:
Ուելսի առաջին նախարար Ռին ափ Յորվերթն էլ հայտարարել է, որ այս նախաձեռնությունը միտված չէ Միացյալ Թագավորության մասնատմանը, այլ ուղղված է Ուելսի զարգացմանը:
Հյուսիսային Իռլանդիայի առաջին նախարար Միշել Օ'Նիլն իր հերթին հիշատակել է ԱՄՆ նախագահի մեկնաբանությունները թեմայի շուրջ՝ նշելով, որ անկախության հարցով հետաքրքրված են ոչ միայն տեղացիները. հարցը նաև միջազգային արձագանք է ստանում:
Սեպտեմբերի 12-ին Դուբլին կատարած այցի ընթացքում Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ կցանկանար տեսնել միավորված Իռլանդիա, և որ դա կարող է տեղի ունենալ շատ շուտով: Նրա խոսքով՝ Հյուսիսային Իռլանդիայի միացումն Իռլանդիայի Հանրապետությանը հիանալի կլիներ:
Մեծ Բրիտանիայի վարչապետի աշխատակազմից հայտարարել են, որ հարկավոր է կենտրոնանալ տնային տնտեսությունների ֆինանսական բեռի թեթևացման վրա, ոչ թե ներգրավվել սահմանադրական բանավեճերում կամ հետագա հանրաքվեներում: Վարչապետի խոսնակը նշել է, որ Էնդի Բըրնհեմը մտադիր է փոփոխություն բերել Միացյալ Թագավորության կազմի մեջ մտնող բոլոր չորս երկրներում և հավատում է միությանը:
ԹՐԱՄՓԸ ՉԻ ԲԱՑԱՌԵԼ ԻՐԱՆՈՒՄ ՎԵՆԵՍՈՒԵԼԱԿԱՆ ՍՑԵՆԱՐԻ ԿՐԿՆՈՒԹՅՈՒՆԸ
Նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել Իրանում վենեսուելական սցենարի կրկնությունը: «Ի վերջո, մենք դուրս կգանք, եթե որոշում չկայացնենք մնալ և վերցնել նավթը, ինչպես Վենեսուելայում», - հայտարարել է Թրամփը՝ հավելելով, որ վենեսուելական նավթին հասանելիության շնորհիվ Վաշինգտոնը մի քանի անգամ «փակել է պատերազմի ծախսերը»։
Մերձավոր Արևելքում լարվածության ֆոնին նավթի գները կրկին բարձրացել են: Brent տեսակի նավթի գինը հասել է մեկ բարելի դիմաց 108 դոլարի: Դրան նպաստել է նաև Սաուդյան Արաբիայի 1200 կմ երկարությամբ Արևելք-Արևմուտք խողովակաշարի վրա Իրաքի տարածքից իրականացված հարձակումը, որից հետո նավթի մատակարարումները դադարեցվել են: Այս խողովակաշարը ծառայում էր որպես Հորմուզի նեղուցը շրջանցող նավթի մատակարարման գլխավոր երթուղի: Ըստ աղբյուրների՝ խողովակաշարի վերանորոգումը կարող է մի քանի շաբաթ տևել:
Նաև հետաձգվել է Իրանի և Պարսից ծոցի երկրների միջև Օմանում նախատեսված հանդիպումը: Տարածաշրջանային երկրների արտգործնախարարները պետք է քննարկեին Հորմուզի նեղուցով նավագնացության կազմակերպումը, սակայն Օմանի արտգործնախարարը հայտարարել է, որ բանակցությունները հետաձգվել են՝ «համաձայնության հասնելու շահերից ելնելով»: Իրանի ԱԳՆ խոսնակը հայտնել է, որ հանդիպման հետաձգումը խնդրել է Սաուդյան Արաբիան:
ԼԱՐՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿ՝ ԵՄԵՆԻ ՀՈՒԹԻՆԵՐԻ ԵՎ ՍԱՈՒԴՅԱՆ ԱՐԱԲԻԱՅԻ ՄԻՋԵՎ
Իրավիճակը լարված է Եմենի հութիների և Սաուդյան Արաբիայի միջև, որն աջակցում է միջազգայնորեն ճանաչված կառավարությանը: Հութիները հայտարարել են, որ տասնյակ անօդաչուներ և բալիստիկ հրթիռներ են արձակել Սաուդյան Արաբիայում գտնվող ռազմական թիրախների ուղղությամբ՝ ի պատասխան Էր Ռիադի կողմից շարժման դիրքերի ուղղությամբ հրթիռների արձակման:
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը դատապարտել է հութիների հարվածները՝ նշելով, որ Եվրամիությունը համերաշխություն է հայտնում Ծոցի իր գործընկերներին՝ Իրանի կողմից հովանավորվող խմբավորումների հարձակումների ֆոնին: Իրանի արտգործնախարարության խոսնակն էլ հայտարարել է, որ երկիրը չի միջամտում Եմենի գործերին. հութիներն անկախ դերակատարներ են, որոնք որոշումներ են կայացնում՝ սեփական շահերից ելնելով:
Սեպտեմբերի 3-ից հութիները խոշոր հարձակման են անցել և գրավել Կարմիր ծովի ափամերձ մի քանի շրջան, որոնք գտնվում էին կառավարության ուժերի վերահսկողության տակ: Շարժումը նաև գրավել է Բաբ էլ-Մանդեբի նեղուցում գտնվող և ռազմավարական նշանակություն ունեցող Փերիմ կղզին: Բացի այդ, մարտեր են ընթանում Ադենի մոտակայքում, որը միջազգայնորեն ճանաչված կառավարության նստավայրն է: Ըստ Եմենի կառավարության՝ վերջին շաբաթների մարտերի ընթացքում զոհվել է ավելի քան 500 զինվոր: Երկրում տեղահանվածների թիվը հասել է 85 000-ի:
ԿԻԵՎԸ, ՄՈՍԿՎԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԵԼ ԵՆ ԶԵՐԾ ՄՆԱԼ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՕԲՅԵԿՏՆԵՐԻՆ ՀԱՐՎԱԾԻՑ
Ուկրաինան և Ռուսաստանը փոխադարձ համաձայնության են եկել զերծ մնալ էներգետիկ օբյեկտներին հարվածներից, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ուկրաինան համաձայնել է չհարվածել ռուսական էներգետիկ թիրախներին։ Ռուսաստանը ևս համաձայնել է նույնն անել»,- գրել է Թրամփը Truth Social հարթակում՝ հավելելով՝ դիզելային վառելիքի գների համաշխարհային աճը հիմնականում պայմանավորված է ռուս-ուկրաինական պատերազմով, այլ ոչ թե Իրանով։
Ավելի վաղ Թրամփն իր ուկրաինացի գործընկեր Վոլոդիմիր Զելենսկուն կոչ էր արել դադարեցնել Ռուսաստանի դիզելի արտադրության գործարանների վրա հարձակումները՝ նշելով, որ դրանք հանգեցնում են դիզելի պակասի աշխարհում: «Պետք է դադարեցնել այդ հարվածները: Կան բազմաթիվ այլ թիրախներ», - նշել էր Թրամփը:
Կրեմլն անդրադարձել է Թրամփի այս հորդորին: «Կարելի է միայն ողջունել Կիևի վարչակարգին ուղղված ցանկացած կոչ՝ դադարեցնելու հարվածները խաղաղ տնտեսական ենթակառուցվածքին», - հայտարարել է Դմիտրի Պեսկովը: Նրա խոսքով՝ նավթի համաշխարհային շուկաներում իրավիճակը վատթարանում է, և դա կապված է հիմնականում Պարսից ծոցում իրադարձությունների և ռուսական նավթի գնման արգելքի հետ: Կրեմլի խոսնակը հավելել է՝ ռուսական նավթամթերքի արտահանման արգելքը գործում է և դրա չեղարկման հարցը կդրվի միայն ներքին շուկայի պահանջների բավարարման դեպքում:- Սյուզաննա









