ԼԼուսինե Մուրադյան

Քննարկվում է Իրինա Յոլյանի թեկնածությունն ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում

Քննարկվում է Իրինա Յոլյանի թեկնածությունն ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում

«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրեց պատգամավոր Իրինա Յոլյանի թեկնածությունը։

Թեկնածուի կենսագրությունը ներկայացրեց Անդրանիկ Գևորգյանը:

Իրինա Յոլյանը ծնվել է 1983 թվականին, Սյունիքի մարզի Գորիս համայնքում:

Բարձրագույն կրթությունը ստացել է Գորիսի պետական համալսարանում՝ ստանալով մանկավարժի որակավորում և մասնագիտական՝ մագիստրոսի աստիճան: 

Մասնագիտական ուղին սկսել է 2001 թվականին Գորիսի Լաստ հեռուստաընկերությունից՝ որպես լրագրող, ապա լրատվական բաժնի պատասխանատու:

Հետագայում թղթակցել է Արմենիա և Հանրային ՀԸ-ներին, hetq.am լրատվական կայքին, Երկիր Մեդիա հեռուստաընկերությանը:

Մինչև 2017 թվականը եղել է Ազատություն ռադիոկայանի Սյունիքի մարզային պատասխանատուն, 2009-ից եղել է «Վիննետ Գորիս»  հիմնադրամի խորհրդի անդամ և ղեկավարել մի շարք զարգացման ծրագրեր:

2016-ից ակտիվորեն ներգրավված է համայնքային զարգաման և կանանց քաղաքական խթանման ծրագրերում:

2017-ին ստանձնել է Գորիսի համայնքապետարանի մամուլի քարտուղարի, ապա փոխքաղաքապետի պաշտոնները:

Մասնակցել է տարածաշրջանային բազմաթիվ հանձնաժողովների, մասնագիտական վերլուծություններ է իրականացրել համայնքների խոշորացման, ապակենտրոնացման քաղաքականության,աղետների ռիսկերի կառավարման և տեղական զարգացման պատասխանատուների ինստիտուտի կայացման ուղղությամբ:

Իր ելույթի ժամանակ Իրինա Յոլյանը հայտարարեց, որ հանձնաժողովի աշխատանքը պետք է միտված լինի արժեք ստեղծելուն:

Անդրադառնալով ոլորտային խնդիրներին՝ Յոլյանը հայտարարեց, որ առաջնային անհրաժեշտության օղակը պետք է լինի պղնձաձուլարանի կառուցումը, որի դեպքում երկրի ընդերքից ստացված խտանյութը կվերամշակվի Հայաստանում՝ առավել մեծ օգուտ բերելով երկրին: 

Ըստ Իրինա Յոլյանի՝ երկրի կարևոր ուղղություններից պետք է լինի նաև կանաչ տնտեսության և արևային էներգետիկայի զարգացումը համայնքներում. «Հայաստանն ունի արևային էներգիայի հսկայական պոտենցիալ: Մենք պետք է խրախուսենք, որ մեր համայնքները, համայնքային ենթակառուցվածքները՝ դպրոցներ, մանկապարտեզներ, փողոցային լուսավորություն, ջրամատակարարում, անցնեն արևային և էներգախնայող համակարգերի: Սա ոչ միայն կնվազեցնի համայնքային բյուջեների ծախսերը, այլև կբարձրացնի մեր համայնքների էներգետիկ անկախությունն ու դիմակայունությունը»:

Հիշեցնենք, որ Ազգային ժողովի՝ օգոստոսի 20-ի նիստին փակ քվեարկության արդյունքում ընտրվեցին ԱԺ 12 մշտական հանձնաժողովներից 9-ի նախագահները, որոնցից 8-ը ներկայացնում էին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, 1-ը՝ «Հայաստան» խմբակցությունը: «Ուժեղ Հայաստան» խմբակցության առաջադրած 3 թեկնածուները չէին ընտրվել առաջադրված պաշտոններում: Այսօր՝ օգոստոսի, 26-ին ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ էր ընտրվել «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հարություն Հարությունյանը, իսկ օգոստոսի 21-ին «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիանա Մանուկյանը ընտրվել էր ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ: «Ուժեղ Հայաստան» խմբակցության մյուս թեկնածուն առաջադրված պաշտոնում Իրինա Յոլյանն էր:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում