Դատախազությունը Սեդրակ Քոչարյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան: Ռոբերտ Քոչարյանը դատարան կներկայացվի անհրաժեշտ բժշկական հետազոտություններ անցնելուց հետո: Նա այսօր Հակակոռուպցիոն կոմիտեից տեղափոխվել է հիվանդանոց: Նաև խուզարկություն է իրականացվել Լևոն Քոչարյանի բնակարանում: Երկրորդ նախագահ Քոչարյանի նկատմամբ հարուցել է հանրային քրեական հետապնդում՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահում, առանձնապես խոշոր չափի կաշառքի ստացում և առանձնապես խոշոր չափի փողերի լվացում հոդվածներով: Նույն քրեական վարույթով մեղադրանք է ներկայացվել նաև 3-րդ նախագահին, Սերժ Սարգսյանին այսօր հրավիրել են Հակակոռուպցիոն կոմիտե: Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել նաև Քոչարյանին փոխակապակցված ընկերությունների տնօրենների նկատմամբ: Ռոբերտ Քոչարյանից և նրան փոխկապակցված անձանցից դատախազությունը պահանջվում է բռնագանձել 22 անշարժ գույք, 13 իրավաբական անձանցում մասնակցություն, միայն գումարային պահանջը կազմում է 19 մլրդ 561 մլն դրամ:- Քրիստինե
Խորհրդարանում կառավարության հնգամյա ծրագրի ամփոփիչ ելույթում Նիկոլ Փաշինյանը անդրադառնալով Քոչարյանի նկատմամբ իրավապահների գործողություններին, հիշեցրել է, որ այդ հրահանգը ԱԺ-ում չէ, որ տվել է, այլ Հանրապետության հրապարակում, դեռ հունիսի 5-ին: Նա հարց է տվել. 8 տարի է` վարչապետ է, ինչո՞ւ հող չունի Կասկադում, հանգստյան տուն Սևանի ափին, ինչո՞ւ չունի հյուրանոց կամ 1 մլրդ 740 մլն դրամ: «Այդ սեփականությունն ինչո՞ւ է Ռոբերտ Քոչարյանինն ու մյուսներինը. որովհետև ում ուզեցել են, առել են, ում ուզեցել են, ծախել են»,- ասել է վարչապետը: Ըստ Փաշինյանի՝ պետությունը ՀՀ ժողովրդի իշխանության ներքո է և պարտավոր է կատարել ժողովրդի կամքը:- Աննա
ԱԺ-ն ձայների մեծամասնությամբ կողմ է քվեարկել կառավարության հնգամյա ծրագրին: Օրվա նիստում հիմնականում արձագանքել են երեկվա ելույթներին և Քոչարյանների ձերբակալություններին: Կատարվածը ոչ թե վրեժխնդրություն է, այլ իրավական գործընթաց, այսպես են արձագանքել Քաղաքացիական պայմանագիրից Հայաստան խմբակցությանը: Կառավարող ուժից հիշեցրել են՝ Ռոբերտ Քոչարյանը միայն մի գործարքով Կասկադին հարակից տարածքը գնել է 40 միլիոն դրամով, այնուհետև փոխանակել նույն չափի պետական տարածքի հետ, որը վաճառվել է 1մլրդ 740 մլն դրամով:- Վարդուհի
ԱԺ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը անդրադարձել է Քոչարյանների ընտանիքին առնչվող վարույթը քաղաքական պատվեր որակելուն, հիշեցրել նրանց վերագրվող, ենթադրյալ կոռուպցիոն գործարքների մասին: Սիսակ Գաբրիելյանի գնահատականով՝ կոռուպցիոն գործերով անազատության մեջ են ոչ միայն նախկին, այլ օրվա իշխանության ներկայացուցիչներ:- Մերի
Հայաստանը Եվրամիությանն ավելի մոտ է, քան երբևէ՝ հայտարարել է ԵՄ ընդլայնման հարցերով խոսնակ Մարկուս Լամերտը, հիշեցրել մայիսին Երևանում ՀՀ-ԵՄ առաջին գագաթնաժողովի հաջող անցկացումը և այլ ուղղություններով առաջըթացը:
«Հայաստանը որոշում է կայացրել կատարել առաջին քայլը դեպի ԵՄ՝ իրենց կողմից ընդունելով ԵՄ-ի մասին օրենքը։ Դա կարևոր խորհրդանշական քայլ էր։ Իհարկե, ԵՄ-ին միանալը պահանջում է հստակ սահմանված, ձեռքբերումների վրա հիմնված գործընթաց, պաշտոնական դիմում անդամակցության մտադրություն ունեցող երկրից։ Մենք արդեն աշխատում ենք Հայաստանը ԵՄ-ին ավելի մոտեցնելու ուղղությամբ, օրինակ՝ կապի, առևտրի և շատ այլ ոլորտներում», - նշել է Լամերտը։
Եվրահանձնաժողովի խոսնակ Պաուլա Պինյոն էլ հավելել է, որ դա Եվրամիության գրավչության հերթական դրսևորումն է: «Մենք հետաքրքրությամբ ենք հետևում դրան: Դուք գիտեք, որ նախագահ Ֆոն դեր Լայենը ողջունում և սատարում է Հայաստանի քաղաքացիների եվրաինտեգրման ձգտումները»,- նշել է պաշտոնյան։
ՀԱՊԿ-Ը ՉԻ ԳՈՐԾԱԿՑՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՌԱԶՄԱԿԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ. ՌԴ ԱԳՆ
ՀԱՊԿ-ը չի համագործակցում Հայաստանի հետ ռազմական, ռազմատեխնիկական և այլ ոլորտներում՝ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը՝ պատասխանելով Ռիա Նովոստիի հարցին՝ արդյոք Երևանը օգտվում է ՀԱՊԿ-ի ռազմատեխնիկական մատակարարումների արտոնյալ պայմաններից։ Նա նշել է, որ Երևանի հետ համապատասխան ոլորտներում շփումներն իրականացվում են երկկողմ ձևաչափով։ «Առկա է անհրաժեշտ իրավական բազա, որը, մասնավորապես, նախատեսում է ռազմական նշանակության արտադրանքի մատակարարում արտոնյալ պայմաններով», - ընդգծել է Աղասանդյանը։
Ավելի վաղ՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցրել էր, որ Հայաստանը չի ակտիվացնելու աշխատանքերը ՀԱՊԿ-ում, կառույցի նկատմամբ Երևանի հետաքրքրությունը սպառված է, և ուրախ կլինի, եթե Հայաստանին հեռացնեն կազմակերպությունից։
Ի պատասխան Կրեմլից հայտարարել էին, որ Հայաստանը կարող է դուրս գալ ՀԱՊԿ-ից, եթե անդամակցությունն այլևս պետք չէ Երևանին։
ՀՈՐՄՈՒԶԻ ՆԵՂՈՒՑՈՒՄ ՏԵՂԱԴՐՎԱԾ ԱԿԱՆՆԵՐԸ ՀԵՌԱՑՎԵԼ ԿԱՄ ՈՉՆՉԱՑՎԵԼ ԵՆ. ԹՐԱՄՓ
Դոնալդ Թրամփը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում նախկինում տեղադրված ականները հեռացվել կամ ոչնչացվել են: «Իրանը տեղեկացվել է, որ նոր ականներ տեղադրող ցանկացած նավ անմիջապես կչեզոքացվի: Մենք վերահսկում ենք նեղուցը և միջուկային խոցված օբյեկտները», - նշել է ԱՄՆ նախագահը:
Ավելի վաղ ամերիկյան կողմը նաև հայտարարել էր, որ մեկնարկում է Իրանի դեմ «Տնտեսական վտարանդի» անվանումը ստացած գործողությունը: ԱՄՆ ֆինանսների նախարարը հայտնել է, որ Վաշինգտոնը կարգելափակի Իրանի կառավարության և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ֆինանսավորման բոլոր աղբյուրները։ Սքոթ Բեսենթը նախազգուշացրել է՝ թիրախում են հայտնվում նաև նրանք, ովքեր օգնում են Իրանին:
Նախարարը հավելել է՝ իրանական ռիալն արժեզրկվել է, երկիրն այլևս եկամուտներ չի ստանում նավթից: «Իրանն ունի երկու տարբերակ՝ լիակատար միջազգային մեկուսացում կամ վերադարձ բնականոն կյանքին», - զգուշացրել է նախարարը։
Իրանի էկոնոմիկայի նախարարը հայտարարել է, որ կառավարությունը պատրաստ էր պատժամիջոցների և սահմանափակումների խստացմանը, և նախապես ծրագիր է մշակել։
ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԵՎ ՈՒԿՐԱԻՆԱՆ ՓՈԽԱԴԱՐՁ ՀԱՐՎԱԾՆԵՐ ԵՆ ՀԱՍՑՐԵԼ
Ռուսական ուժերը հարվածներ են հասցրել Սումիի և Դնեպրոպետրովսկի շրջաններին: Կան վիրավորներ, վնասվել են մասնավոր տներ, վարչական շենքեր, գազատար և այլ ենթակառուցվածքներ։ Թիրախում են հայտնվել Կիևը, Զապորոժիեն և Խարկովը:
Նաև ԱԹՍ-ների հարձակման հետևանքով ժամանակավորապես դադարեցվել է Ուկրաինա-Մոլդովա սահմանի միջազգային անցակետի գործունեությունը։
Ռուսաստանի ՊՆ-ն հայտնել է, որ գիշերը ոչնչացվել է ուկրաինական շուրջ 150 ԱԹՍ: Ըստ տեղական իշխանության՝ Կրասնոդարի երկրամասում անօդաչու թռչող սարքի բեկորներն ընկել են Աֆիպսկայա երկաթուղային կայարանի տարածքում։ Երկու մարդ զոհվել է, ևս երկուսը՝ վիրավորվել։ Բացի այդ, հրդեհ է բռնկվել նավթավերամշակման գործարանի տարածքում։ Ռոստովի մարզում էլ վնասվել է Նովոշախտինսկի նավթավերամշակման գործարանը, ավելի ուշ օբյեկտի գործունեությունը դադարեցվել է:
Այս ֆոնին Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան Patriot համակարգերի համար հրթիռների փոքր խմբաքանակ է ստացել, նա սակայն չի հստակեցրել դրանց քանակը և փոխանցող երկիրը: «Սակայն մեզ ավելին է պետք», - հավելել է Ուկրաինայի նախագահը: Նրա խոսքով՝ Կիևը ստացել է նաև փոքր հեռահարության ֆրանսիական հրթիռներ՝ ՀՕՊ համակարգերի համար:- Դիանա









