Տեղի ունեցածը ոչ միայն դատապարտելի է, այլև ցավալի. Ռոմանոս Պետրոսյանը՝ Հայկ Կոնջորյանի եղբոր հետ կապված միջադեպի մասին

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանից լրագրողները հետաքրքրվել են՝ հնարավո՞ր է վերանայվի Ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնում Հայկ Կոնջորյանի թեկնածությունն առաջադրելու որոշումը՝ նրա եղբոր հետ կապված պատմությունից հետո:
«Այդ մասով ոչինչ չեմ կարող մեկնաբանել և ոչինչ չեմ կարող բացառել»,- ասել է Պետրոսյանը և ընդգծել՝ հաշվի առնելով, որ միջադեպի երկու կողմն է իրենց թիմի անդամ են՝ տեղի ունեցածը ոչ միայն դատապարտելի է, այլև ցավալի:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը ևս անընդունելի է համարել ցանկացած բռնություն և կուսակցական կանոնագրքի խախտում:
«Մենք երկու տեսանկյունից պետք է հարցին նայենք։ Ես իհարկե տեսել եմ մամուլի հրապարակումները։ Նախ՝ իրավական, քրեաիրավական, և մեր իրավապահ մարմինները պետք է պարզեն եղելությունը, և մեղավորները, եթե այդպիսիք կան... համապատասխան օրենքով, սահմանված կարգով ընթացք տրվի այդ ամեն ինչին: Եվ կուսակցական կարգապահության տեսանկյունից մենք ունենք ինստիտուտներ կուսակցությունում, որոնք գործել են և գործում են, և եղել են էլի այդպիսի դեպքեր, ցավոք սրտի, երբ որ մենք կուսակցությունից, օրինակ, մարդկանց ենք հեռացրել տարբեր պատճառներով»,- ասել է նա:
Հիշեցնենք՝ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի եղբորը ծեծի ենթարկելու դեպքի առիթով նախաձեռնվել է քրեական վարույթ, 5 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում: Ծեծի համար մեղադրվողներից Նաիրի Հակոբյանը Աբովյանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ է:









