ՆՆարե Ոսկանյան

Խախտումներ Սյունիքի նյարդահոգեբուժարանում. ՄԻՊ

Խախտումներ Սյունիքի նյարդահոգեբուժարանում. ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպանի որպես կանխարգելման ազգային մեխանիզմի՝ «Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր» կատարած մշտադիտարկման այցի արդյունքում արձանագրված խնդիրներն ամփոփվել են, և կազմվել է մանրակրկիտ վերլուծական տեղեկանք:

  • պահման պայմաններն անբավարար են՝ գերբնակեցվածություն, վերանորոգման և բարեկարգման աշխատանքների անհրաժեշտություն, կողապահարանների բացակայություն, լոգանքի կազմակերպման խնդիրներ, հիգիենիկ և անկողնային պարագաների, սպիտակեղենի բացակայություն, սննդի տրամադրման հետ կապված խնդիրներ և այլն,
  • տեղաշարժման խնդիրներ ունեցող անձանց համար կազմակերպությունում բացակայում են ողջամիտ հարմարեցումները,
  • տրամադրվող սննդի քանակական և որակական չափանիշներն անբավարար են,
  • անհրաժեշտ է բացառել հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց ժամկետանց կամ ժամկետն անհայտ սննդի տրամադրումը,
    • արձանագրվել են ժամկետանց դեղեր և բժշկական պարագաներ, ինչպես նաև առանց պիտանելիության ժամկետի դեղեր,
    • պատշաճ չի ապահովվում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց ամենօրյա բացօթյա զբոսանքի իրավունքը,
  • բացակայում է հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց նպատակային զբաղվածության և այլընտրանքային բուժման հնարավորությունը,
  • անհրաժեշտ է մշակել հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց արտաքին աշխարհի հետ կապի, այդ թվում՝ հեռախոսակապի խրախուսման մեխանիզմներ,
  • առկա են խնդիրներ հոժարակամ և ոչ հոժարակամ բուժման ընթացակարգերում,
  • բացակայում են հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց հետազոտություններն իրականացնելու նկատմամբ միասնական մոտեցումը և չափորոշիչները,
  • առկա են զսպման միջոցների կիրառման հետ կապված խնդիրներ,
  • անհրաժեշտ է մշակել հոգեբուժական կազմակերպություններում վնասվածքների պատշաճ հաշվառման և այդ մասին իրավապահ մարմիններին տեղեկացնելու կարգ,
  • առկա է հոգեբուժական օգնության և սպասարկման վճարովի ծառայությունների ցանկերի սահմանման անհրաժեշտություն՝ հոգեբուժական կազմակերպություններում վճարովի ծառայությունների տեսակի և սակագների չհիմնավորված տարբերակվածությունը բացառելու նպատակով,
  • պետք է նախատեսել անհրաժեշտ և բավարար հաստիքներ հոգեբուժական բժշկական օգնությունն ու սպասարկումը պատշաճ կազմակերպելու համար և այլն:

Այցի ավարտին վեր հանված խնդիրները քննարկվել են նյարդահոգեբուժական դիսպանսերի տնօրինության հետ: Ինչպես տնօրենը, այնպես էլ դիսպանսերի աշխատակիցները լիարժեք համագործակցել են Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչների հետ իրենց լիազորություններն իրականացնելիս, և աշխատանքի խոչընդոտներ չեն առաջացել:

Մարդու իրավունքների պաշտպանը ողջունում է նյարդահոգեբուժական դիսպանսերի տնօրենի պատրաստակամությունը միջոցներ ձեռնարկելու վեր հանված խնդիրների լուծման ուղղությամբ և արդեն իսկ ձեռնարկված որոշակի քայլերը, օրինակ՝ այլընտրանքային զինվորական ծառայողները այգիներ են մշակում դիսպանսերի տարածքում, որի բերքից օգտվում են նաև պացիենտները, պատշաճ իրականացվում է թափոնների խոտանման կարգը և այլն:

Ուսումնասիրության արդյունքները վեր հանված խնդիրների լուծման առաջարկների հետ միասին Մարդու իրավունքների պաշտպանը ուղարկել է ՀՀ առողջապահության ու տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարներին, ինչպես նաև ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարին՝ պատրաստակամություն հայտնելով համատեղ քննարկելու բարձրացված հարցերը և աջակցելու դրանց լուծմանը:

Ուսումնասիրությամբ Պաշտպանն ընդգծվել է նաև նյարդահոգեբուժական դիսպանսերի աշխատողների աշխատանքային պայմանների և սոցիալական երաշխիքների բարելավման կարևորությունը՝ դրանք դիտարկելով մարդու իրավունքների պաշտպանության ողջ համակարգի տեսանկյունից:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում