ԱԱնժելիկա Ժամհարյան

Գագիկ Ծառուկյանի առանձնատանը պահվող կենդանիները տեղափոխվել են Կենդանաբանական այգի

Գագիկ Ծառուկյանի առանձնատանը պահվող կենդանիները տեղափոխվել են Կենդանաբանական այգի

Քննչական գործողությունների ընթացքում Երևանի քաղաքապետարանի առաջարկով մասնավոր առանձնատանը պահվող կենդանիները տեղափոխվել են Կենդանաբանական այգի։ Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից:

«Կենդանիները կգտնվեն մասնագետների հսկողության և խնամքի ներքո»,- ասվում է հաղորդագրությունում:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ առանձնապես խոշոր չափերով խարդախություն և փողերի լվացում կատարելու մեղադրանքով Գագիկ Ծառուկյանը և հանցավոր խմբի ևս մեկ անդամ ձերբակալվել են։

ԲՀԿ առաջնորդի տանը կատարված խուզարկությունն ավարտվել է։ Այսօր վաղ առավոտից խուզարկություններ են սկսվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատանը և «Մուլտի գրուպ» կոնցեռնի գրեթե բոլոր ընկերություններում ու դրանց տնօրենների բնակարաններում: Թե ինչ քրեական վարույթի շրջանակում է գործողությունը՝ Քննչական կոմիտեից դեռ չեն մանրամասնում: Մեկ տասնյակից ավելի քրեական վարույթների շրջանակում 70-ից ավելի հասցեներում կատարվում են միաժամանակյա խուզարկություններ և ավելի ուշ հանդես կգան պաշտոնական հաղորդագրությամբ:

Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ սպասում են Ծառուկյանի տան խուզարկության ավարտին, որպեսզի հասկանան, թե ինչ մեղադրանք է նրան առաջադրված, կամ ինչ կարգավիճակ ունի այս գործի շրջանակներում: Ինչ վերաբերում է «Մուլտի գրուպ» կոնցեռնի ընկերություններին, ըստ Տոնոյանի՝ «Արարատցեմենտ»-ում, Երևանի «Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատում, «Մուլտի սթոուն»-ում խուզարկություններն ավարտվել են, դրանք կապարակնքվել են:

Խուզարկություններն ավարտվել են նաև Օլիմպավանում և Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեում: Դրանց գործունեությունը, Տոնոյանի խոսքով, ևս դադարեցվել է: «Մուլտի սթոուն» ընկերության տնօրենը նաև հրավիրվել է հարցաքննության:

Հիշեցնենք, նախորդ ամիս դատախազը առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելու համար հանրային քրեական հետապնդում էր հարուցել Ծառուկյանի նկատմամբ: 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում