ԿԿարմեն Ղուկասյան

«STEP ai – արհեստական բանականություն» ուսումնական ծրագրի առաջին շրջանավարտները ստացել են ավարտական հավաստագրերը

«STEP ai – արհեստական բանականություն» ուսումնական ծրագրի առաջին շրջանավարտները ստացել են ավարտական հավաստագրերը

Ամփոփվել է «STEP ai – արհեստական բանականություն» եռամյա ուսումնական ծրագիրը․ առաջին շրջանավարտները ներկայացրել են նախագծային աշխատանքներ և ստացել ավարտական հավաստագրեր։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

Ավարտական միջոցառմանը մասնակցել են ԿԳՄՍ նախարարության հանրակրթության և արտադպրոցական ծրագրերի մշակման և իրականացման բաժնի պետ Սուսաննա Ազատյանը, դպրոցների տնօրեններ, ուսուցիչներ, նախարարության հանրակրթության վարչության, ԿԶՆԱԿ-ի ներկայացուցիչներ։

Երևանի թիվ 112 ավագ և Էջմիածնի Էօրնեկեան դպրոցի 12-րդ դասարանցիների ներկայացված նախագծերը փաստել են՝ STEP.ai ծրագիրը զարգացնում է տրամաբանական մտածողությունը. աշակերտները սովորում են վերլուծել տվյալներ, լուծել բարդ խնդիրներ և ընդունել հիմնավորված որոշումներ, որոնք կիրառելի են ինչպես մասնագիտական կողմնորոշման, կարիերայի կառավարման, այնպես էլ կյանքի տարբեր բնագավառներում։

«STEP.ai - արհեստական բանականություն» ուսումնական ծրագիրը մշակվել է Տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության (ՏՀՏԳՄ), «Սինոփսիս Արմենիա» ընկերության և ՀԲԸՄ հայկական վիրտուալ համալսարանի նախաձեռնությամբ։

Ծրագիրը ԿԳՄՍ նախարարության կողմից երաշխավորվել և Երևանի ու մարզերի 15 ավագ դպրոցներում ներդրվել է որպես անհատական (ընտրովի) բաղադրիչով սահմանված ուսումնական խմբակ։

Ծրագիրն ընդգրկում է ԱԲ երեք ուղղություն. 10-րդ դասարանում աշակերտներն ուսումնասիրում են «Արհեստական բանականություն և Pyton», 11-րդ դասարանում՝ «Մեքենայական ուսուցում», 12-րդ դասարանում՝ «Բնական լեզվի մշակում և ռոբոտաշինություն»։

2025-26 ուսումնական տարում ծրագիրն իրականացվել է ավագ դասարաններում՝ երեք մակարդակներում ընդգրկելով 21 խումբ։ Խմբակները վարել են ավագ դպրոցի համապատասխան ուսուցիչները՝ հրավիրված ԱԲ փորձագետ-դասախոսների հետ միասին՝ համագործակցաբար ապահովելով ուսուցման գործընթացի կազմակերպումը, անցկացումը և վերահսկողությունը։

Կարևորելով տեխնոլոգիական կրթության ներառականությունը՝ ուսումնական ծրագիրն անցկացվում է հիբրիդային եղանակով՝ դասարանային և առցանց, ինչն ապահովում է ԱԲ-ի հասանելիությունը հանրապետության բոլոր մարզերում։

Ծրագրի նպատակն է ավագ դպրոցի սովորողներին փոխանցել ԱԲ հիմնարար գիտելիքներ և զարգացնել կիրառական կարողությունները՝ նպաստելով մասնագիտության գիտակցված ընտրությանը, միաժամանակ ձևավորելով տեխնոլոգիապես գրագետ սերունդ։

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում