Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն ամփոփել է «Իմ ընկեր» թեմայով շարադրությունների մրցույթը, որն անցկացվում էր «Փոխիր աշխարհը» ներառական կրթության խրախուսմանն ուղղված իրազեկման արշավի շրջանակում:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ստացել էր ավելի քան 700 շարադրություն Երևանից և մարզերից:
Խրախուսական մրցանակի արժանացավ քսան, հատուկ մրցանակի` հինգ աշակերտ: Մրցանակակիրներին հանձնվեցին եզակի գրքեր և նվերներ:
«Հայաստանի Հանրապետությունը գտնվում է բարեփոխումների պատասխանատու փուլում և դրա կարևոր մաս է կազմում ներառական կրթության համակարգի զարգացումը: Մեր պետությունը պարտավոր է ապահովել յուրաքանչյուր երեխայի կրթության իրավունքը: Որևէ երեխա չպետք է դուրս մնա կրթական համակարգից կամ զրկվի կրթվելու հնարավորությունից միայն այն պատճառով, որ սոցիալապես անապահով է կամ առողջական վիճակի բերումով առանձնահատկություն ունի: Մենք պետք է գնահատենք յուրաքանչյուր երեխայի արժանապատվությունը, ներուժը»,- շեշտել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի խոսքով` երեխաներին պետք է չխանգարել սովորել, ընկերություն անել, և դա կարևոր ներդրում կլինի:
«Մոտավորապես քսան տարի առաջ, երբ «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպությունում էի աշխատում, առաջին քայլերն էինք անում Հայաստանում ներառական կրթության զարգացման համար: Ես դպրոցներում սեմինարներ էի վարում երեխաների համար: Ամենակարևոր շեշտադրումն այն էր, որ խնդիրը ոչ թե մարդու մեջ է, այլ` միջավայրի: Մենք պետք է փոխենք միջավայրը, մարդկանց, նրանց վերաբերմունքը»,- ընդգծեց նախարարը:
Միջոցառմանը ներկայացվել են «Փոխիր աշխարհը» արշավի շրջանակում նկարահանված 4 հերոսների մասին պատմող տեսանյութեր, տեղի է ունեցել «Միասին կարող ենք փոխել աշխարհը» տեսահոլովակի պրեմիերան:










