ՆՆարե Թադևոսյան

Հակաբիոտիկներ. կիրառել պատշաճ

Հակաբիոտիկներ. կիրառել պատշաճ

Նոյեմբերի 18-ից մեկնարկում է հակաբիոտիկների նկատմամբ կայունության դեմ պայքարի համաշխարհային շաբաթը` «Հակաբիոտիկներ. կիրառել պատշաճ» կարգախոսով: Հակաբիոտիկները կարևոր և արժեքավոր ռեսուրս են, այդ պատճառով ընտրված կարգախոսն արտացոլում է հակաբիոտիկների պատշաճ, նպատակային և միայն բժշկի նշանակմամբ օգտագործումը:

Հակաբիոտիկների նկատմամբ զարգացող կայունությունը գլոբալ խնդիր է, որը վերաբերում է ողջ մարդկությանը և գլոբալ առումով սպառնալիք է հանրային առողջապահության համար: Կայունությունը զարգանում է, երբ մանրէները փոխվում են այնքան, որ հակաբիոտիկներն այլևս որևէ ազդեցություն չեն ունենում:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) վաղուց ահազանգում է, որ հակաբիոտիկների նկատմամբ զարգացող կայունության խնդիրը պարզապես կանխատեսում չէ, այն դրսևորվում է աշխարհի յուրաքանչյուր տարածաշրջանում և կարող է բացասաբար ազդել բոլորի վրա՝ անկախ տարիքից, սեռից, բնակության տարածաշրջանից:

Միջազգային տվյալների համաձայն` դեղակայուն վարակիչ հիվանդություններից տարեկան մահանում է 700 հազար մարդ, և յուրաքանչյուր 90 վայրկյանում մահանում է 1 մարդ: Ամբողջ աշխարհում արտադրված հակաբիոտիկների 50%-ից ավելին օգտագործվում է գյուղատնտեսության ոլորտում, մասնավորապես, որպես

կերային հավելում:

Հայաստանն այս ուղղությամբ ձեռնարկել է անհրաժեշտ գործողություններ: 2015 թ. Կառավարության հաստատած «Հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության հսկողության և կանխարգելման ռազմավարության» շրջանակներում իրականացվել են բազմաթիվ միջոցառումներ, հետազոտություններ, ստեղծվել է հակամանրէային դեղերի մշտադիտարկման ռեգիստր, մայրաքաղաքի 4 հիվանդանոցում անցկացվել են հակամանրէային դեղերի նշանակման օրինաչափությունների ուսումնասիրություններ:

Ինչպես յուրաքանչյուր տարի, այս տարի ևս քարոզարշավի նպատակն է հասցնել յուրաքանչյուրին և ամենուրեք, որ հակաբիոտիկների նկատմամբ կայունությունը համաշխարհային առողջապահության համար արդիական հիմնախնդիր է, բարձրացնել անհատների իրազեկությունը հակաբիոտիկների պատշաճ օգտագործման ուղղությամբ և ներգրավել առողջապահության և գյուղատնտեսության ոլորտի մասնագետներին` հակաբիոտիկների կայունության դեմ պայքարի խնդրի լուծման հարցում և նպաստել մոտեցումների փոփոխմանը, ինչպես նաև փոխանցել այն տեղեկությունը, որ պարզ գործողությունները կարող են բերել մեծ

փոփոխությունների: Եվրոպական տարածաշրջանի երկրներում իրականացված տնտեսական գնահատման, կանխարգելիչ միջոցառումների իրականացումը նվազեցնում է թե՛ մահվան դեպքերը, թե՛ ֆինանսական ծախսը:

ԱՀԿ-ն կոչ է անում առողջապահության ոլորտի բոլոր մասնագետներին պայքարել հակաբիոտիկների նկատմամբ զարգացող կայունության դեմ` վարակի հսկողության և կանխարգելման պատշաճ միջոցառումների իրականացմամբ, ձեռքերի պատշաճ հիգիենայի ապահովմամբ, բժշկական կազմակերպություններում, ինչպես նաև

ազգային մակարդակներում հակաբիոտիկների պատշաճ կիրառման ռազմավարությունների մշակմամբ և ներդրմամբ: Հակամանրէային դեղերի նկատմամբ կայունությունը նաև գյուղատնտեսության, սննդի անվտանգության խնդիր է, քանի որ անասնաբուծության, անասնաբուժության, թռչնաբուծության, ձկնաբուծության ոլորտներում հակամանրէային դեղերը կիրառվում են ոչ միայն բուժական նպատակներով, այլև կանխարգելման:

Արդյունքում՝ դեղակայուն մանրէները կարող են կենդանիներից անցնել մարդուն` սննդային շղթայի միջոցով: Ուստի, միայն համատեղ և արդյունավետ միջգերատեսչական համագործակցությամբ մենք կարող ենք զսպել հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության առաջացումը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում