ԼԼիլիթ Ասատրյան

Հանրային ոլորտի նորարարության III համաժողովում քննարկվել է Հայաստանի ԱԲ ապագան․ մասնակցել է նաև Գևորգ Մանթաշյանը

Հանրային ոլորտի նորարարության III համաժողովում քննարկվել է Հայաստանի ԱԲ ապագան․ մասնակցել է նաև Գևորգ Մանթաշյանը

ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հայաստանյան գրասենյակի ԿԶՆ նորարարության կենտրոնի նախաձեռնությամբ անցկացվող Հանրային ոլորտի նորարարության III համաժողովի շրջանակում տեղի է ունեցել «Կերտելով Հայաստանի արհեստական բանականության ապագան. տեսլականից մինչև իրագործում» թեմայով պանելային ձևաչափով քննարկում, որին մասնակցել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը։ Այդ մասին հայտնում են ԲՏԱՆ-ից:

Քննարկմանը մասնակցել են նաև «ԵրևաՆՆ» ընկերության տնօրեն Հրանտ Խաչատրյանը, Yandex Armenia & Georgia-ի ղեկավար Արամ Մխիթարյանը և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը։ Քննարկումը վարել է CyHub Armenia-ի ներկայացուցիչ Մարի Բարսեղյանը։

Տվյալ ձևաչափով քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանում արհեստական բանականության (ԱԲ) զարգացման հեռանկարներին, ոլորտի պետական քաղաքականության հիմնական ուղղություններին, ինչպես նաև մասնավոր հատվածի, գիտական համայնքի և պետական կառույցների համագործակցության կարևորությանը։

ԲՏԱ նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը ներկայացրել է նախարարության մոտեցումները՝ ընդգծելով, որ արհեստական բանականության ուղղության այս պահին առաջնահերթությունը ոչ թե երկարաժամկետ կոշտ ռազմավարությունների մշակումն է, այլ արագ և ճկուն բազային գործողությունները։ Նրա խոսքով՝ Կառավարությունը կենտրոնացել է երեք հիմնական ուղղության վրա՝ ենթակառուցվածքների զարգացում, նորարարների աջակցություն և ԱԲ կիրառման համար տվյալների հասանելիության ընդլայնում։

Նախարարի առաջին տեղակալը նշել է, որ պետությունը ձգտում է ապահովել ժամանակակից հաշվարկային ենթակառուցվածքների հասանելիություն և ձևավորել «արհեստական բանականության գործարանների պարտեզ», որտեղ կարող են զարգանալ և տեղակայվել ինչպես տեղական, այնպես էլ միջազգային տեխնոլոգիական ընկերություններ։ 

Մանթաշյանն իր խոսքում նշել է, որ կարևոր ուղղություն է նաև ԱԲ նորարարների և մասնագետների «կրիտիկական զանգվածի» ձևավորումը։ Այդ նպատակով մեկնարկել է Արհեստական բանականության վիրտուալ ինստիտուտ նախաձեռնությունը՝ ai.gov.am, որի շրջանակում խրախուսվում են փորձարկումներն ու նոր լուծումների մշակումը՝ այդ թվում հաշվարկային ռեսուրսների հասանելիության միջոցով։

Անդրադառնալով տաղանդների խնդրին՝ Գևորգ Մանթաշյանը շեշտել է ներուժի լիարժեք դրսևորման համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը: Պետությունը նախատեսում է խթանել ոլորտային ներգրավվածությունը՝ աջակցելով կրթական ու վերապատրաստման ծրագրերին և համալսարաններին: 

Նախարարի առաջին տեղակալը նաև ընդգծել է, որ ԱԲ ներդրումը պետական կառավարման համակարգում դիտարկվում է որպես արտադրողականության բարձրացման կարևոր գործիք։ Այս համատեքստում արդեն նախաձեռնվում են նաև կարգավորող փոփոխություններ՝ ԱԲ լուծումների ավելի արագ գնման գործընթացը ապահովելու նպատակով։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում