ԱԱսպրամ Սարատիկյան

Մասնագիտական կրթությունը՝ մարզային տնտեսության ողնաշար․ քննարկում ԵՆԲ ներկայացուցիչների հետ

Մասնագիտական կրթությունը՝ մարզային տնտեսության ողնաշար․ քննարկում ԵՆԲ ներկայացուցիչների հետ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) Հարավային Կովկասի տարածաշրջանային ներկայացուցչության ղեկավար Ստելլա Ռենիտայի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը։

Կողմերը քննարկել են կրթության ոլորտում Եվրոպական ներդրումային բանկի համագործակցությամբ իրականացվող ծրագրերը և ապագա նախաձեռնությունները՝ կարևորելով դրանց ընդլայնման հնարավորությունները։ Նախարար Ժաննա Անդրեասյանն ընդգծել է ԵՆԲ-ի հետ արդյունավետ և շարունակական համագործակցության կարևորությունը՝ հատկապես մարդկային կապիտալի զարգացման, կրթական ենթակառուցվածքների բարելավման ու որակյալ կրթության հասանելիության ապահովման համատեքստում։

Առանձնակի կարևորվել են «Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա» նախաձեռնության շրջանակում իրականացվող աշխատանքները: Ծրագրի նպատակը Սյունիքի մարզի կայուն սոցիալ-տնտեսական զարգացումն է: Այն իրականացվում է Եվրոպական միության, Եվրոպական ներդրումային բանկի, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, ԵՄ անդամ երկրների՝ Ավստրիայի, Չեխիայի, Էստոնիայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Լիտվայի, Նիդերլանդների, Լեհաստանի, Շվեդիայի, ինչպես նաև գործընկեր հանդիսացող Շվեյցարիայի համատեղ նախաձեռնությամբ: Նշվել է, որ ԵՆԲ աջակցությամբ Սյունիքի մարզում ներկայում աշխատանքներ են իրականացվում մասնագիտական կրթության ոլորտում ենթակառուցվածքների բարելավման և զարգացման ուղղությամբ, որի շրջանակում նախատեսվում են նաև միջին մասնագիտական երկու հաստատությունների վերանորոգման, արդիականացման և վերազինման աշխատանքներ ու գույքով և ժամանակակից ուսումնական լաբորատորիաներով համալրում։

ԿԳՄՍ նախարարը համոզմունք է հայտնել՝ մասնագիտական կրթության և ուսուցման համակարգը պետք է դառնա մարզային տնտեսության ողնաշարը՝ պատրաստելով մասնագետների, որոնք հետագայում իրենց տեղը կգտնեն աշխատաշուկայում։

Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է նաև ՀՀ Կառավարության՝ կրթության ոլորտի առաջնահերթությունները՝ շեշտելով դպրոցների և մանկապարտեզների կառուցման, վերակառուցման և վերանորոգման ծրագրի հաջորդ փուլի շրջանակում ակնկալվող համագործակցությունն ու կրթության ոլորտում նախատեսվող այլ կարևոր նախաձեռնություններ։

Եվրոպական ներդրումային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային ներկայացուցչության ղեկավար Ստելլա Ռենիտան շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ ընդգծելով ԿԳՄՍ նախարարության հետ արդյունավետ և շարունակական համագործակցության կարևորությունը։

Հանդիպման ավարտին կողմերը քննարկել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր՝ վերահաստատելով փոխգործակցության խորացման պատրաստակամությունը։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում