ԼԼուսինե Մուրադյան

Ժամանակակից մեծագույն տենոր, հայ անվանի օպերային երգիչ Գեղամ Գրիգորյանն այսօր կդառնար 75 տարեկան

Ժամանակակից մեծագույն տենոր, հայ անվանի օպերային երգիչ Գեղամ Գրիգորյանն այսօր կդառնար 75 տարեկան

Այսօր՝ հունվարի 29-ին, լրանում է հայ անվանի օպերային երգիչ (տենոր) և բեմադրիչ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, Լիտվայի ԽՍՀ վաստակավոր արտիստ Գեղամ Գրիգորյանի ծննդյան 75-ամյակը: Այդ մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:

Հոբելյանի առթիվ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Կարեն Դուրգարյանը, մաեստրոյի ընտանիքի անդամները, թատրոնի անձնակազմի ներկայացուցիչները և արտիստները, մտավորականներ, գրիգորյանական արվեստի երկրպագուներ այցելել են Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոն, ծաղիկներ խոնարհել Գեղամ Գրիգորյանի շիրիմին և հարգանքի տուրք մատուցել անվանի արվեստագետի հիշատակին:

Դանիել Դանիելյանը զրուցել է երգչի ընտանիքի անդամների, գործընկերների հետ: Նա անդրադարձել է մաեստրոյի կյանքին ու գործունեությանը՝ ընդգծելով հայկական կատարողական արվեստում նրա ավանդն ու ներդրումը:

Գեղամ Գրիգորյանը երգել է աշխարհի բազմաթիվ խոշոր օպերային թատրոններում ու համերգասրահներում։ Մաեստրոն օպերային արվեստում իր արժեքներն է ստեղծել ու գրեթե կես դար աշխարհին մատուցել լավագույն դերերգեր և նրբազգաց կատարումներ:

Նրա արտահայտիչ, յուրահատուկ և հզոր տեմբրով անզուգական ձայնը, բազմերանգ ու ինքնատիպ արտիստական հմայքը գրավել են աշխարհի ունկնդրի սիրտը՝ նրան դասելով համաշխարհային մեծությունների շարքում։ Գեղամ Գրիգորյանի անունը սեպագրվել է 20-րդ դարի 40 լավագույն տենորների շարքում:

«Բոլոր ժամանակների տենոր», «Աստվածատուր երգիչ», «Ժամանակակից մեծագույն տենորներից մեկը». այսպես են բնութագրել միջազգային քննադատներն ու երաժիշտները Գեղամ Գրիգորյանին:

Հայաստանի օպերայի և բալետի թատրոնը տարվա ընթացքում մշակութային տարբեր ծրագրերով և ներկայացումներով կնշանավորի մեծանուն արտիստի հոբելյանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում