ԼԼուսինե Մուրադյան

Հայաստանում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչներն այցելել են Ազգային ժողով

Հայաստանում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչներն այցելել են Ազգային ժողով

ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Մերի Գալստյանը հունվարի 16-ին հանդիպել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության Համագործակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսսի և ծրագրերի պատասխանատու Սուսանա Մարտինսի հետ: Այդմ մասին հայտնում են ԱԺ-ից:

Հանդիպման քննարկման առանցքում «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթին վերաբերող հարցերն էին, որն Ազգային ժողովն ընդունել է առաջին ընթերցմամբ:

Օրենքների նախագծերի փաթեթի համահեղինակ Մերի Գալստյանը նշել է, որ օրենսդրական նախաձեռնությունը մշակվել է ոլորտում առկա խնդիրներին լուծում տալու նպատակով՝ մի շարք քննարկումների և միջազգային փորձի խորքային ուսումնասիրության արդյունքում: Նա ներկայացրել է օրենքների նախագծերի փաթեթով նախատեսվող հիմնական կարգավորումները՝ անդրադառնալով ոլորտի կառավարման և վերահսկողության մեխանիզմներին՝ ընդգծելով, որ նախաձեռնությունը նոր մշակույթ ձևավորող նոր օրենք է և շարունակաբար բարելավման կարիք է ունենալու: Պատգամավորը նշել է նաև, որ օրենքի մի շարք դրույթներ ուժի մեջ կմտնեն մեկ տարի անց՝ պայմանավորված Կառավարության կողմից անհրաժեշտ ենթաօրենսդրական ակտերի մշակման անհրաժեշտությամբ:

Ֆրանկ Հեսսը շնորհակալություն է հայտնել նման օրենսդրական նախաձեռնության և հանդիպման առաջարկը  ընդունելու համար: Նա տեղեկացրել է, որ օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ ոլորտում ներգրավված մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից ստացել է մտահոգություններ, հարցադրումներ և առաջարկություններ՝ նախագծում փոփոխություններ կատարելու վերաբերյալ: Հանդիպման ընթացքում մասնակիցները կետ առ կետ քննարկել են բարձրացված հարցերը, որոնց առնչությամբ  հեղինակի կողմից ներկայացվել են համապատասխան պարզաբանումներ և պատասխաններ:

Կողմերն ընդգծել են կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի ապահովման և միասնական իրավական դաշտի ձևավորման կարևորությունը:

Անդրադառնալով օրենքների նախագծերի փաթեթով նախատեսվող կենդանիների կացարանների կառուցման չափորոշիչներին, դրանց կառավարման և շահագործման կարգին, ինչպես նաև կացարաններում իրականացվող պարտադիր միջոցառումներին՝ հանձնաժողովի նախագահի տեղակալը նշել է, որ առաջիկայում կացարանների կառուցում է նախատեսվում Հայաստանի Հանրապետության մի շարք մարզերում:

Մերի Գալստյանը տեղեկացրել է, որ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում նախագծի վերաբերյալ ստացվել են առաջարկներ: Համապատասխան լրացումներ և փոփոխություններ կատարելուց հետո օրենսդրական նախաձեռնությունը կներկայացվի երկրորդ ընթերցմամբ քննարկման:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում