ՎՎարդան Հովսեփյան

184 մլն դրամ` դպրոցների շենքային պայմանների բարելավմանը

184 մլն դրամ` դպրոցների շենքային պայմանների բարելավմանը

Կառավարությունը որոշել է վերաբաշխում կատարել 2019 թվականի պետական բյուջեում՝ Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության առաջարկությամբ: Այս տարվա  ԿԳՄՍ նախարարության հատկացումների  տնտեսման և վերաբաշխման արդյունքում, 8 դպրոցներում, կկատարվեն 184 մլն դրամի վերակառուցման ու շինարարական աշխատանքներ:

Կառավարության նիստում ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը  զեկուցել է, որ ուսումնական հաստատությունները տարիներ շարունակ դիմել են նախարարությանը, բայց  բյուջեում գումարների բացակայության պատճառով  մերժվել են: Խոսքը դպրոցների ջեռուցման, էլեկտրամատակարարման համակարգերի, տանիքների  վատթար վիճակի և բնականոն գործունեության համար անհրաժեշտ մի շարք խնդիրների բարելավման մասին է։

«Այժմ նախարարությունը կատարում է ցուցակագրում, որ ամեն տարի հերթով իրականացնենք ուսումնական բնականոն գործընթացի կազմակերպման համար կարևոր աշխատանքները»,- նշել է նախարարը:

  • Արագածոտնի մարզի «Վարդենիսի միջնակարգ դպրոցի» ուսումնական մասնաշենքի կառուցման համար կհատկացվի 70 մլն 520 հազար դրամ: Նախատեսվում է իրականացնել ներքին ջրամատակարարման, կոյուղու, օդափոխության,  կաթսայատան կառուցման, բետոնե եզրաքարերի և մետաղական ցանկապատի տեղադրման աշխատանքներ,
  • Արարատի մարզի «Մասիսի թիվ 5 ավագ դպրոցի» կաթսայատան վերակառուցման աշխատանքների համար կհատկացվի շուրջ 12 մլն 331 հազար  դրամ: Նախատեսվում է տեղադրել 220 կիլովատտ/ժամ հզորությամբ 2 ավտոմատացված ջրային գազայրիչով կաթսայի, պոմպերի և օժանդակ այլ սարքավորումներ,  
  • «Երևանի Գ. Զոհրապի անվան թիվ 97 ավագ դպրոցի» առաջին մասնաշենքի տանիքի վերանորոգման համար կտրամադրվի 27 մլն 817 հազար դրամ: Նախատեսվում է 570.4 քմ ցինկապատ  թիթեղի, տեղադրում և մարզադահլիճի վերանորոգում, 
  • «Երևանի թիվ 195 ավագ դպրոցի» տանիքի վերանորոգման աշխատանքների համար կհատկացվի 33 մլն 985 հազար դրամ: Նախատեսվում է կառուցել 2017.83 քմ հարթ տանիք և 867 քմ ցինկապատ թիթեղ,
  • Վանաձորի Մ. Խորենացու անվան թիվ 17 ավագ դպրոցի մարզադահլիճի վերակառուցման համար կհատկացվի 22 մլն 85 հազար դրամ: Նախատեսվում է տեղադրել 302.8 քմ ցեմենտ-ավազային հարթեցուցիչ շերտ, մետաղապլաստե դռներ, հարդարել պատերը, առաստաղն ու հանդերձարանները, վերանորոգել սանհանգույցները,
  • Ախուրյանի Ն. Աղբալյանի անվան ավագ դպրոցի վերանորոգման համար կհատկացվի 2 մլն 802 հազար  դրամ: Նախատեսվում է երկրորդ հարկի պատերի, առաստաղների հարդարում, դռների և տանիքի նորոգում,  
  • Սարդարապատի միջնակարգ դպրոցի մարզադահլիճի տանիքի վերանորոգման համար կհատկացվի 6 մլն 871 հազար դրամ: Նախատեսվում է իրականացնել 4.87 խմ տանիքի կոնստրուկցիաների տեղադրում և հակահրդեհային պաշտպանություն, 358 քմ ցինկապատ թիթեղապատում, 40 մ ջրհորդանի կառուցում և հարդարման այլ աշխատանքներ,
  • Վարդենիսի Հ. Համբարձումյանի անվան ավագ դպրոցին վերակառուցման նախագծային աշխատանքների իրականացման համար կհատկացվի 7 մլն 602 հազար դրամ:  Դպրոցին ամրացված 3602.3 քմ շենք-շինությունները ունեն հրատապ վերանորոգման կարիք: Նախագծի մշակումից և սահմանված կարգով փորձաքննություն անցնելուց հետո շինարարական աշխատանքները կներառվեն հետագա տարիների պետական բյուջեում:

Կառավարության  մեկ այլ որոշմամբ՝ պետբյուջեի պահուստային ֆոնդից Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը հատկացվել է նաև 42 մլն 166 հազար դրամ հավելյալ գումար: Դրանով նախատեսվում է «Ուսուցչի օրվա» շրջանակում պարգևատրված 77 ուսուցիչների տրամադրել համակարգիչներ, ինչպես նաև՝ լուծել ընթացիկ մի շարք հարցեր:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում