Քրեական ենթամշակույթի համար կանայք էականորեն պակաս հասանելի են, քան տղամարդիկ. Փաշինյան

Քրեական ենթամշակույթի համար կանայք էականորեն պակաս հասանելի են, քան տղամարդիկ. Փաշինյան

Ես հավատում եմ, որ կանանց շրջանում կոռուպցիոն մենթալիտետն ավելի պակաս է, քան տղամարդկանց մոտ: Դա ունի շատ կոնկրետ պատճառ: Քրեական ենթամշակույթի համար կանայք էականորեն պակաս հասանելի են, քան տղամարդիկ: Այդ մասին դատական գործերի քննության ողջամիտ ժամկետների պահպանման խոչընդոտների թեմայով քննարկման ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ամենապատկառելի միջավայրերում՝ տղամարդկանց մասնակցությամբ, մեկ էլ խոսքի մեջ բառեր են արտահայտվում, որ դու հասկանում ես՝ քրեական ենթամշակույթն ինչ մեծ ազդեցություն ունի մեր կյանքի վրա,- ասաց նա և հավելեց,- Տղայականությունը հանրային բարոյականության շատ կարևոր մաս է, բայց դա քրեական ենթամշակույթի մտածողություն է:

Եկեք տղավարի էս հարցը [լուծենք]. դա ի՞նչ է նշանակում: Դա ցանկացած մեկնաբանություն ունի, բայց հաստատ կապ չունի օրինականության հետ, իրավակարգի, սահմանադրականության հետ, որովհետև եթե դրա հետ կապ ունենար, կասեինք՝ արի «սահմանադրավարի» էս հարցը լուծենք: Ինչի՞ ենք ասում՝ եկեք տղավարի էս հարցը լուծենք»:

Ըստ Փաշինյանի՝ քրեական ենթամշակույթի ազդեցությունը ֆունդամենտալ խնդիր է, դրա ազդեցությունը գալիս է դեռ դպրոցից, մանկապարտեզից ու տնից. «Էդ բանի հետ չեմ հաշտվում, որ մեր իրականության մեջ նորածին երեխային… պապիկին հայհոյելու կուլտուրան դեռ կա: Պակասում է, բայց դեռ կա: Փա՛ռք Աստծո, որ պակասում է: Բայց չեմ պատկերացնում՝ մայրիկն ասի՝ հլը մի հատ պապիկին հայհոյի՛ր»:

Փաշինյանը նաև կոչ արեց տղամարդկանց խոսել այս մասին, քանի որ արդարադատության, արդարության և բարոյականության համատեքստում դա շատ նեգատիվ դեր ունի, ուստի սա խնդիր է, որի հետ պետք է առերեսվել:

«Իմիջիայլոց, քրեական ենթամշակույթի դեմ պայքարում Կառավարությունը երեք լուծում ունի, առաջինը՝ կրթություն, երկրորդը՝ կրթություն, երրորդը՝ կրթություն»,- ասաց նա:

logo
Eurovision
qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©