ԴԴավիթ Մուրադյան

Հուշագիր՝ կարի և նորաձևության տեխնոլոգիաների ոլորտում մասնագիտական կադրերի պատրաստման նպատակով

Հուշագիր՝ կարի և նորաձևության տեխնոլոգիաների ոլորտում մասնագիտական կադրերի պատրաստման նպատակով

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Ալեքս տեքստիլ» ընկերության միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր՝ թեթև արդյունաբերության՝ տեքստիլ, կարի և նորաձևության տեխնոլոգիաների ոլորտում մասնագիտական կադրերի պատրաստման ուղղությամբ համագործակցելու մասին: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

Հուշագիրը ստորագրել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ու «Ալեքս տեքստիլ» ընկերության գլխավոր տնօրեն Մարատ Մովսիսյանը։ Ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը:

Նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է պետություն–մասնավոր հատված համագործակցությունը՝ ընդգծելով, որ մասնագիտական կրթության և ուսուցման համակարգը տնտեսության զարգացման առանցքային բաղադրիչն է, և սերտ համագործակցությունը թույլ կտա պատրաստել շուկայի պահանջներին համապատասխան մասնագետներ։

Կողմերը համատեղ ներդրումներ կկատարեն Երևանի թեթև արդյունաբերության պետական քոլեջում, որոնք կուղղվեն տեքստիլ, կարի արդյունաբերության և նորաձևության տեխնոլոգիաների որոտներում մասնագիտական կրթության և ուսուցման որակի բարձրացմանը, անհրաժեշտ ուսումնափորձնական միջավայրի ապահովմանը, դասավանդող անձնակազմի վերապատրաստմանը, զարգացման ծրագրերի իրականացմանը:

«Մեզ համար կարևոր է, որ ի սկզբանե ամեն ինչ անենք միասին, այսինքն՝ սկսած կրթության բովանդակության մշակումից ընդհուպ կրթական հաստատության համատեղ կառավարում։ Հատկապես տեքստիլի ոլորտում նկատվում են տնտեսության դինամիկ զարգացում և մասնագետների մշտական պահանջարկ, ուստի անհրաժեշտ է ապահովել որակյալ մասնագետների պատրաստում: Այս համագործակցությունը հնարավորություն կտա քոլեջում ուսուցանել այն հմտություններն ու գիտելիքները, որոնք շրջանավարտներին թույլ կտան ավարտելուց հետո որպես լիարժեք մասնագետներ մտնել աշխատաշուկա»,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ ընդգծելով, որ ծրագիրը կիրականացվի նաև պետական ներդրումների միջոցով։

Կարևորելով դասավանդման գործընթացում ոլորտային մասնագետների ներգրավումը՝ նշվել է, որ նախորդ տարվանից պետության կողմից վերապատրաստում և ատեստավորում է կազմակերպվել նաև տեքստիլ ոլորտի մասնագետների համար, որը քոլեջներում դասավանդող մասնագետներին աշխատավարձի բարձրացման հնարավորություն է ընձեռում։

«Ալեքս տեքստիլ» ընկերության գլխավոր տնօրեն Մարատ Մովսիսյանը ևս շնորհակալություն է հայտնել համագործակցության համար և նշել, որ ընկերությունը պատրաստ է աջակցել քոլեջի նյութատեխնիկական բազայի արդիականացմանը, մասնակցել աշխատանքի վրա հիմնված (դուալ) ուսումնառության կազմակերպմանը, գործնական ուսուցման ծրագրերի մշակմանն ու մասնագետների պատրաստմանը: Նրա խոսքով՝ «Ալեքս տեքստիլը» համագործակցում է միջազգային խոշոր ընկերությունների հետ, և պետության հետ կնքված այս փոխըմբռնման հուշագիրը նոր հնարավորություններ է ստեղծում կապերի ընդլայնման առումով: Մարատ Մովսիսյանը նշել է, որ արտերկրի փորձառու մասնագետները պատրաստ են գալ Հայաստան և իրենց գիտելիքն ու գործնական փորձը փոխանցել տեղի կադրերին:

Հուշագրով կողմերը պատրաստակամություն են հայտնում աջակցել տեքստիլ, կարի և նորաձևության տեխնոլոգիաների ոլորտների զարգացմանը՝ հաշվի առնելով Կառավարության ծրագրով ամրագրված՝ մինչև 2026 թվականը տնտեսության արտադրողականությունը կրկնապատկելու նպատակը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում