Արդարադատության նախարարությունը Մարդու իրավունքների պաշտպանության ազգային
ռազմավարության և դրանից բխող 2020-2022թ. գործողությունների ծրագրի նախագծերի մշակման գործընթացն առավել մասնակցային դարձնելու նպատակով ռազմավարական փաստաթղթերի շուրջ հանրային քննարկումների շարք է անցկացվել նաև ՀՀ մարզերում:
Արդարադատության նախարարության և Գործընկերություն հանուն բաց հասարակության
նախաձեռնության համատեղ ջանքերով 2019 թվականի հոկտեմբերի 26-ին Գավառում և նոյեմբերի 2-ին՝ Վանաձորում, կազմակերպվել են հանրային քննարկումներ, որին մասնակցել են հասարակական կազմակերպության շուրջ երեք տասնյակ ներկայացուցիչներ:
Հանդիպումների ընթացքում նախարարության միջազգային իրավական համագործակցության
վարչության ներկայացուցիչները ներկայացրել են ռազմավարակական փաստաթղթերի բովանդակությունը, առանձնացրել հիմնական գերակայությունները և դրանց հասցեագրման մոտեցումները, անդրադարձել ռազմավարական փաստաթղթերով նախատեսված մշտադիտարկման մեխանիզմին: Այդ համատեքստում նախարարության ներկայացուցիչները կարևորել են ռազմավարական փաստաթղթերի իրականացումն ապահովելու նպատակով ստեղծվող Համակարգող խորհրդի գործունեությունը՝ շեշտելով Խորհրդում հասարակական կազմակերպությունների մասնակցության կարևորությունը:
Հաջորդիվ՝ քննարկման մասնակիցներն անդրադարձել են ռազմավարական փաստաթղթերի
նախագծով նախատեսված մի շարք կարգավորումների վերաբերյալ իրենց հուզող հարցերին:
Ամփոփելով հանդիպումները՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել հանդիպման ընթացքում
հնչեցված առաջարկությունները գրավոր ձևով, մինչև նոյեմբերի առաջին շաբաթը, ներկայացնել
նախարարություն՝ հնարավորության դեպքում դրանք Նախագծերում ներառելու նպատակով:










