ԼԼիլիթ Ասատրյան

Ավինյանը՝ Կասկադի կառուցապատման ծրագրի մասին

Ավինյանը՝ Կասկադի կառուցապատման ծրագրի մասին

Ոչ միայն Ասլան Մխիթարյանի, այլև շատ հայ ճարտարապետների նախագծեր են քննարկվել, միջազգային շատ հեղինակավոր ճարտարապետական գրասենյակների նախագծեր են քննարկվել: Երևանի ավագանու նիստին պատասխանելով «Մայր Հայաստան» խմբակցության քարտուղար Սամվել Հարոյանի՝ «Կասկադ» համալիրի մասին հարցին՝ ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

Նա հիշեցրեց համալիրի վերջնահատվածի հետ կապված պատմությունը:

«Սկսենք 2007 թվականից, երբ «Գաֆեսճյան» հիմնադրամը առաջարկել է իրականացնել «Կասկադ» համալիրի վերջնահատվածի կառուցման աշխատանքները, այսինքն՝ այն հատվածի կառուցման աշխատանքները, որոնք հիմա Երևանի քաղաքապետարանը նախաձեռնել է, որ իրականացնի:

2007 թվականին տեղի է ունենում ճարտարապետական միջազգային մրցույթ, որին մասնակցում են տարատեսակ ընկերություններ, որոնց ճարտարապետական առաջարկները քննարկելուց հետո որևէ մեկը չի ընտրվում: Ընտրվում է նյույորքյան ճարտարապետական գրասենյակի առաջարկ, որը շատ հետաքրքիր առաջարկ է լինում: Ջիմ Թորոսյանը, անձամբ ինքը՝ Կասկադ համալիրի հեղինակը, ընդունում է, որ այդ հատվածում կարող է իրենց նախորդ առաջարկված նախագծից տարբերվող նախագիծ իրականացվել: Սա 2007 թվականի պատմության մասին է խոսքը: Արդեն իսկ այդ ժամանակ, երբ քննարկումները տեղի են ունենում, նախագծի հեղինակը իր դրական եզրակացությունն է տալիս այդ ճանապարհով շարժվելու՝ հաշվի առնելով այս հանգամանքը, որ կար նյույորքյան ճարտարապետական գրասենյակի առաջարկ: Հետո տեղի է ունենում միջազգային ֆինանսական տնտեսական ճգնաժամ, նախագիծը չի իրականացվում, հիմքերը փորվում են, ստեղծվում, այդ կետում կանգնում են մինչև 2024 թվականը, երբ էլի ակտիվանում են այս խոսակցությունները:

Ես անձամբ հանդիպեցի նյույորքյան գրասենյակի ճարտարապետի հետ, և դրան զուգահեռ Երևանի քաղաքապետարանում մենք քննարկում ենք Նորագյուղ թաղամասի վերակառուցման ծրագիրը, որի ժամանակ Երևանում է լինում ֆրանսիացի հեղինակավոր ճարտարապետ Ժան-Միշել Վիլմոտը: Նա իր նախաձեռնությամբ իրականացնում է նաև Կասկադ համալիրի վերջնահատվածի էսքիզային առաջարկ: Մեր ճարտարապետական խորհուրդը ընդլայնված կազմով քննարկում է «Կասկադ» համալիրի տարբեր առաջարկներ, և որոնք որ եղել են նախկինում՝ և՛ նյույորքյան առաջարկը, և՛ ֆրանսիացի ճարտարապետի առաջարկը: Ոչ մի հանգուցալուծման չի գալիս: Պարոն Ասլան Մխիթարյանը նույնպես մասնակցում է քննարկումներին: Ոչ մի հանգուցալուծման չեն գալիս, և առաջարկ է լինում որոշակի ֆիլտրված տրամաբանությամբ դնել քվեարկության, որ մարդիկ իրենք որոշեն, թե որ ճարտարապետական առաջարկը պետք է լինի Կասկադում: Այդ առաջարկներից վերջում ֆիլտրվում են 2 նախագծեր: Տարբեր պաճառներով այլ նախագծեր չեն ներգրավվում:

«Ակտիվ քաղաքացի» հարթակում որոշվում է, որ ֆրանսիական նախագիծն է իրականացվելու: Ֆրանսիական նախագիծը մենք վերցնում ենք որպես հիմք էսքիզային առաջարկի և դնում ենք կառուցման մրցույթի, և դրա հիմքում դնում ենք, որ կենտրոնական հատվածում էլ ինչ պետք է կառուցվի, ամբողջապես հանձնվում է քաղաքին, և դրա այդ ծախսը, որպեսզի փոխհատուցվի, տրվում է հնարավորություն հարակից տարածքում բազմաֆունկցիոնալ կոմպլեքսի կառուցման»,- նշեց Ավինյանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում