Գնալու եմ Մայր Աթոռ, երբ բավարար չափով մաքրված կզգամ ինձ. Փաշինյան

Գնալու եմ Մայր Աթոռ, երբ բավարար չափով մաքրված կզգամ ինձ. Փաշինյան

Ես Աստծո հետ իմ հարաբերություններում այլոց աջակցության կարիքը չունեմ: Մենք պատարագ ենք գնում, ես պատարագ եմ գնում, ես չեմ գնում հանրահավաք: Այդ մասին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով դիտարկմանը, թե պատարագները մարդաշատ չեն, և որ նա մենակ է մնացել այս հարցում:

Դիտարկմանը, թե պատարագների ժամանակ չեն ծափահարում, Փաշինյանը պատասխանեց. «Ո՞վ է որոշում՝ պատարագի ժամանակ ծափահարո՞ւմ են, թե՞ չէ: Պատարագին ծափահարում է, թե չէ, որոշում է պատարագի մասնակիցը:

Ես գնում եմ պատարագ և ուրախ եմ, որ գնում եմ պատարագ, որովհետև, ինչպես ասել եմ՝ ուրախ եմ, որովհետև դա կարևոր է ինձ համար իմ, այդ թվում՝ մեր քաղաքական թիմի այն հատվածի համար, որոնք հավատում են Աստծուն, որովհետև ես ընդունում եմ, որ մարդիկ ՀՀ-ում ունեն խղճի ազատություն, նրանց մի մասը կարող է հավատալ Աստծուն, մյուս մասը կարող է այլ հայացքների տեր լինել: Բայց դա ինձ համար իմ հոգևոր և բարոյական նորոգման ճանապարհն է, և ուրախ եմ այն մարդկանց համար, որոնք գալիս են»:

Փաշինյանը կարծիք հայտնեց, թե պատարագների շարքը կարևոր է, և որ այդ օրակարգը ձևակերպել է ու հետևողականորեն գնալու է այդ օրակարգով: Օրակարգը նաև կենդանի պրոցես է, քանի որ սրանով խոսակցություն է տեղի ունենում հանրության հետ, յուրաքանչյուրը խոսակցություն է ունենում ինքն իր հետ, խոսակցություն՝ Աստծո հետ:

«Եթե հարցնեիք՝ ինչո՞ւ ես որոշեցի գնալ պատարագներ (ընդ որում՝ առաջիկայում էլի եմ գնալու), որովհետև ես եթերներից մեկում պարզաբանեցի, որ կարծում եմ՝ խոսքը մեր սրբություն սրբոցի՝ Մայր Աթոռի հոգևոր և բարոյական նորոգման մասին է, և այդ հոգևոր ու բարոյական նորոգմանը հասնելու ու մեր սրբություն սրբոց մտնելու ճանապարհին մենք պետք է մաքրվենք: Սա ինձ համար մաքրվելու ճանապարհ է»,- ասաց նա:

Խոսվում է արժեքահենք հանրության ունենալու մասին, բայց, ըստ Փաշինյանի, հնարավոր չէ արժեքահենք հանրություն ունենալ, եթե սրբություն սրբոցը՝ բարոյական և արժեքային համակարգի էպիկենտրոնը, աղտոտված է. «Այդ քննարկումների ընթացքում հասկանում ենք, որ դա տեղի է ունեցել մեր միջավայրում, այսինքն՝ դա տեղի է ունեցել, որովհետև մենք ենք թույլ տվել, որովհետև մենք այդ ամենի ականատեսն ենք, և ականատեսը լինելու բերումով՝ մասնակիցը: Մենք ասում ենք, որ ուրիշները արժանի չեն մեր սրբություն սրբոցին, բայց մենք էլ պետք է նախ արժանանանք: Եվ դա է պատճառը, թե ինչու ենք գնում պատարագ, ինչու եմ հաղորդություն ընդունում և շարունակելու եմ հաղորդություն ընդունել»:

Հարցին՝ վարչապետը գնալո՞ւ է Մայր Աթոռ, եթե՝ այո՛, ապա՝ ե՞րբ, Փաշինյանը պատասխանեց. «Իհարկե գնալու եմ Մայր Աթոռ: ...Երբ, որ բավարար չափով մաքրված կզգամ ինձ, այն ժամանակ»:

logo
Eurovision
qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©