ԼԼուսինե Մուրադյան

Երևանում վերջին 1 տարում 11 հազար նոր ավտոմեքենա է գրանցվել. Ավինյանը՝ խցանումների պատճառների և լուծումների մասին

Երևանում վերջին 1 տարում 11 հազար նոր ավտոմեքենա է գրանցվել. Ավինյանը՝ խցանումների պատճառների և լուծումների մասին

Շատ կարևոր է հասկանալ, որ խցանումները տնտեսական որոշակի ակտիվության հետևանք են: Դա նշանակում է, որ մարդիկ ավելի շատ ավտոմեքենաներ են գնում, որոշակի հնարավորություններ են ավելանում, որովհետև միայն Երևան քաղաքում վերջին 1 տարվա ընթացքում 11 հազար նոր ավտոմեքենա է գրանցվել՝ հարակից մարզերի ավտոմեքենաների քանակը չհաշված: Այդ մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստին ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով Երևան մտնող ավտոմեքենաների հոսքերին և, առհասարակ, մայրաքաղաքի խցանումների հարցի լուծմանը:  

Ավինյանը տեղեկացրեց՝ այս ուղղությամբ Երևանի երթևեկության բարելավման ճգնաժամային կառավարման հանձնաժողովն է ստեղծվել, որի առաջին նիստն արդեն կայացել է:

«Հիմնական ճանապարհը, որով կարող է գնալ ճգնաժամային մեր այս հանձնաժողովը կարճաժամկետ լուծումների մասով, կրկին կենտրոնանում է հանրային տրանսպորտի հնարավորությունների ավելացման վրա, այսինքն՝ ավտոբուսային գծերի ավելացման վրա, որոշակի սահմանափակումներ՝ անձնական ավտոմեքենաների մասով, որովհետև աշխարհն ուրիշ մեխանիզմ դեռևս չի մտածել, քան հնարավորություն տալ հանրային տրանսպորտին և սահմանափակել անհատական ավտոմեքենաների երթևեկությունը:

Իհարկե, նաև տեխնոլոգիական լուծումների մասով որոշակի հանձնարարականներ ենք ֆիքսել հանձնաժողովի նիստին, որով անկյունաքարային մեր խաչմերուկներում մենք պետք է հնարավորություն ունենանք տեխնոլոգիական նոր լուծումներով լուսացույցներ ունենալու, որոնք հաշվի կառնեն նաև տարբեր ժամերի հոսքերը, և ինքնակարգավորվող ռեժիմները կփոխվեն տարբեր ժամերի տարբեր հոսքերի համար: Սա է հիմնական տրամաբանությունը»,- ասաց նա:

«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքը ևս կարող է նպաստել խցանումների նվազմանը: Ըստ Ավինյանի՝ այն էական փոփոխություններ է նախատեսում սխալ վայրերում կայանած ավտոմեքենաների համար:

«Ունենք սկզբունքային համաձայնություն ՆԳՆ-ի հետ, որ կարելի է պատվիրակել ընկերությունների, որոնք քարշակներով կհանեն այդ ավտոմեքենաները, որովհետև դրանք էական խցանումներ առաջացնող խոչընդոտ են: ՏԻՄ օրենքը հենց հիմա կոմիտեի նիստում քննարկվում է»,- ասաց Ավինյանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում