ՎՎարդան Հովսեփյան

Չմիավորման շարժումն Ադրբեջանին թույլ է տալիս օգտագործել կազմակերպության հարթակը. Արցախի ԱԳՆ

Չմիավորման շարժումն Ադրբեջանին թույլ է տալիս օգտագործել կազմակերպության հարթակը. Արցախի ԱԳՆ

Արցախի Արտաքին գործերի նախարարությունը մեկնաբանություն է տարածել օրերս Բաքվում կայացած Չմիավորման շարժման գագաթնաժողովի դրույթների վերաբերյալ:

«Ս․ թ․ հոկտեմբերի 25-26-ը Բաքվում կայացած Չմիավորման շարժման գագաթնաժողովի Ամփոփիչ փաստաթղթում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության էությունը խեղաթյուրող դրույթների ներառումն Ադրբեջանի հերթական փորձն է՝ տվյալ միջազգային ֆորումից կանխապես աջակցություն ստանալ իր քաղաքականության համար՝ ուղղված Արցախի մեկուսացմանը, առճակատման շարունակմանը, Արցախի ժողովրդի կողմից իր անկապտելի իրավունքների և ազատությունների իրականացմանը խոչընդոտելուն։

Գագաթնաժողովի Ամփոփիչ փաստաթղթի ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությանը վերաբերող ձևակերպումները հակասում են անկողմնակալության ու անաչառության սկզբունքին և միտված են միջազգային հանրության, մասնավորապես, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության՝ հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերի խափանմանը։

Ֆորումի Ամփոփիչ փաստաթղթի տեքստում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման տրամաբանությանը հակասող դրույթներ ներառելու նպատակով Ադրբեջանի՝ իր ընդունող կողմի կարգավիճակի չարաշահումը ոչ այլ ինչ է, քան Շարժման նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքի դրսևորում։

Ափսոսանք է առաջացնում այն, որ Չմիավորման շարժումն Ադրբեջանին թույլ է տալիս օգտագործել կազմակերպության հարթակը հակահայկական քարոզչության և Շարժման նպատակներին ու սկզբունքներին չհամապատասխանող արտաքին քաղաքական օրակարգի առաջմղման համար։

Կոչ ենք անում Չմիավորման շարժման անդամ պետություններին, որոնց մեծամասնությունն անկախություն և ինքնիշխանություն է ձեռք բերել ինքնորոշման իրավունքի իրացման արդյունքում, հավատարիմ մնալ իրենց իդեալներին ու Շարժման ոգուն և հարգանք ցուցաբերել Արցախի ժողովրդի կողմից իր ինքնորոշման ու զարգացման իրավունքի իրացման փաստի հանդեպ»,- նշված է Արցախի ԱԳՆ-ի մեկնաբանությունում։

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում