ԼԼուսինե Մուրադյան

ՀՀ ՄԻՊ-ն աշակերտների հետ քննարկել է երեխաների անձնական տվյալների պաշտպանությանն առնչվող հարցեր

ՀՀ ՄԻՊ-ն աշակերտների հետ քննարկել է երեխաների անձնական տվյալների պաշտպանությանն առնչվող հարցեր

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հյուրընկալել է Երևանի Սերո Խանզադյանի անվան թիվ 184 ավագ դպրոցի աշակերտներին։ Այցը ճանաչողական բնույթ էր կրում և նվիրված էր երեխաների իրավունքների թեմային։

 

Ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանը դպրոցականներին ներկայացրել է Պաշտպանի ինստիտուտի առաքելությունը, լիազորությունների շրջանակը, աշխատանքի հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները։

 

Պաշտպանը մանրամասն անդրադարձել է երեխաների անձնական տվյալների պաշտպանության հարցերին, ինչպես նաև անհանդուրժողականության և խտրականության դեմ պայքարի առանձնահատկություններին։

 

Նա ներկայացրել է նաև Երեխայի իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայով ամրագրված հիմնական իրավունքները և դրանց պաշտպանության ազգային կառուցակարգերը։

 

«Չափազանց կարևոր է, որ դպրոցականներին հետաքրքրում է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտը։ Իրավունքի վերաբերյալ պատշաճ տեղեկացվածությունն օգնում է ձևավորել հանդուրժող և ոչ խտրական միջավայր»,- նշել է Անահիտ Մանասյանը։

 

Հանդիպումն անցկացվել է հարցուպատասխանի ձևաչափով, ինչը հնարավորություն է տվել աշակերտներին բարձրաձայնել իրենց հուզող հարցերը։ Քննարկվել են երեխաների իրավունքների պաշտպանությանն առնչվող մի շարք հարցեր, այդ թվում՝ երեխաների նկատմամբ բռնության կանխարգելման ու արձագանքման, կրթության իրավունքի ապահովման, ինչպես նաև լսված լինելու և ազատորեն կարծիք հայտնելու իրավունքի իրացման վերաբերյալ։

 

Անդրադարձ է կատարվել նաև Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր երեխաների իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի գործունեությանը։

 

Ամփոփելով հանդիպումը՝ Անահիտ Մանասյանը կարևորել է յուրաքանչյուրի մասնակցությունը և սեփական միջավայրում դրական փոփոխությունների իրականացումը՝ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա խնդիրները հաղթահարելու համար։

 

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ուսումնական հաստատությունների սաների հետ ճանաչողական հանդիպումները կրում են շարունակական բնույթ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում