ԳԳոհար Սիմոնյան

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը կքննարկի Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը կքննարկի Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը

Հաջորդ շաբաթ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում քննարկման ու քվեարկության է դրվելու Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը: Այդ մասին իր Թվիթերի էջում գրել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ, Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրանկ Փալոնը.

«Հաջորդ շաբաթ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատմական քվեարկություն է կատարելու՝ պաշտոնապես ճանաչելու Հայոց ցեղասպանությունը: Ամերիկան պետք է դեմ արտահայտվի մարդկության դեմ ուղղված հանցագործություններին, հատկապես, որ Թուրքիան սպառնում է Հյուսիսային Սիրիայում նոր էթնիկ բնաջնջման արշավով»,- նշել է նա:

Ամերիկայի հայկական համագումարը տեղեկացնում է, որ բանաձևի աջակիցների թիվն ավելանում է:

«Ամերիկայի հայկական համագումարը բարձր է գնահատում ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի անդամների ջանքերը և ողջունում է H.Res.296 բանաձևը Ներկայացուցիչների պալատ բերելու որոշումը: Այս ներկուսակցական բանաձևը հաստատում է Հայոց ցեղասպանությունը և Ամերիկայի աննախադեպ մարդասիրական աջակցությունը՝ ուղղված  20-րդ դարի առաջին Ցեղասպանությունից փրկվածներին»,- ասել է Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին:

Ավելի վաղ՝ կոնգրեսականներ Ադամ Շիֆը և Գուս Բիլիրակիսը Հայոց ցեղասպանության վերաբերյալ նոր բանաձև ներկայացնելու նախաձեռնությամբ էին հանդես եկել: Նախագիծը միտված է Հայոց ցեղասպանության հերքումը մերժելուն, ԱՄՆ կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու հիշատակմանը, Հայոց ցեղասպանության մասին իրազեկվածության բարձրացման կարևորությանը՝  նմանատիպ հանցագործությունները հետագայում կանխելու առումով:

«Մենք ուրախ ենք տեղեկացնել, որ Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը կուղարկվի քվեարկության: Ցեղասպանությունը, որը տեղի է ունեցել 1915-1923 թվականներին և որի հետևանքով սպանվել է 1.5 միլիոն հայ, ինչպես նաև՝ այլ էթնիկ խմբեր, ազգի ներկայացուցիչներ, ռեալ ժամանակում արձանագրվել է ամերիկացի դիվանագետների կողմից»,-հայտարարել են ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի անդամները:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում