ՆՆարե Ոսկանյան

Եթե պարզվի, որ աշխատակիցները թերացել են, նրանք պատասխանատվության կենթարկվեն․ ոստիկանապետը՝ Մերձավանում տեղի ունեցածի մասին

Եթե պարզվի, որ աշխատակիցները թերացել են, նրանք պատասխանատվության կենթարկվեն․ ոստիկանապետը՝ Մերձավանում տեղի ունեցածի մասին

Վաղարշապատի ոստիկանության բաժնի բակում ոստիկանապետ Արամ Ղազարյանը պատասխանել է լրագրողների մի շարք հարցերի, որոնք վերաբերում էին սեպտեմբերի 23-ին Մերձավանում տեղի ունեցած աղմկահարույց սպանություններին։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23:52-ին, ՆԳՆ ոստիկանությունում ահազանգ էր ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ են հնչել։ Սպանվել են Փարաքարի համայնքապետը և ևս մեկ անձ, իսկ մեկ ուրիշը վիրավորվել է։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։

Ոստիկանապետը հայտնել է, որ այս պահի դրությամբ ձերբակալվածներ չկան։

«Ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական մի շարք միջոցառումներ, որոնց վերաբերյալ, բնականաբար, չեմ կարող մանրամասներ ներկայացնել։ Ամեն ինչ արվում է իրավապահների կողմից»,- նշել է նա։

Արամ Ղազարյանն անդրադարձել է նաև ոստիկանության կողմից իրականացվող կանխարգելիչ աշխատանքներին, որոնց մասին խոսել էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով․ «Մանրամասն վերլուծության պետք է ենթարկվի հարցը, թե կանխարգելիչ ինչպիսի՞ գործողություններ պետք է կատարվեին Փարաքարում՝ բռնությունների շարքը թույլ չտալու համար, ովքեր պետք է կատարեին այդ գործողությունները և ինչու չեն կատարել»։

«Ցանկացած նման դեպքով իրականացվում են ուսումնասիրություններ։ Եթե պարզվի, որ աշխատակիցները թերացել են, համապատասխան գործողություններ կձեռնարկվեն, և նրանք կենթարկվեն պատասխանատվության։ Ներկայումս նման տվյալներ չկան»,– նշել է ոստիկանապետը։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում