ԱԱնի Օհանյան

«Մեր երեխաները մեր հույսն են, մեր վաղվա պայծառ գալիքի երաշխավորը»․ խորհրդարանական լսումներ երեխաների իրավունքների պաշտպանության օրենսդրության շուրջ

«Մեր երեխաները մեր հույսն են, մեր վաղվա պայծառ գալիքի երաշխավորը»․ խորհրդարանական լսումներ երեխաների իրավունքների պաշտպանության օրենսդրության շուրջ

Կառավարության մեր գործընկերները մշակել են օրենսդրական փաթեթ, որի նպատակն է երեխաների իրավունքների պաշտպանության արդյունավետ համակարգի ստեղծումն ու ամրապնդումը՝ միջազգային պարտավորությունների լիարժեք կատարման և երեխայի լավագույն շահի ապահովման նպատակով: Այս մասին ասել է ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը՝ սեպտեմբերի 22-ին բացելով «Երեխայի իրավունքների պաշտպանության բնագավառում շրջանառվող օրենսդրական նախագծերի էությունը, երեխաների իրավունքների պաշտպանության պետական վերաբերելի քաղաքականությունը» թեմայով խորհրդարանական լսումները:

Ռուստամ Բաքոյանի խոսքով դեռևս 1996 թվականին ընդունված «Երեխաների իրավունքների մասին» գործող օրենքը թեև փոփոխությունների է ենթարկվել տարիների ընթացքում, սակայն համապարփակ չի արտահայտում առկա խնդիրների համակարգային բոլոր կարգավորումները:

«Առաջարկվող օրենսդրական փաթեթը հնարավորություն կտա համակարգային լուծումներ ապահովել երեխայի իրավունքների պաշտպանության ոլորտում, ներդնել երեխայակենտրոն և համայնքահեն մոտեցումներ ու ձևավորել միջազգային չափանիշներին համահունչ օրենսդրական դաշտ»,- ընդգծել է Ռուստամ Բաքոյանը:

Նա հավելել է, որ հանձնաժողովը փաթեթին դրական եզրակացություն է տվել, և Ազգային ժողովն այն ընդունել է առաջին ընթերցմամբ:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը ողջունել է օրենսդրական փաթեթի վերաբերյալ կազմակերպված խորհրդարանական լսումների անցկացումը:

«Մեր երեխաները մեր հույսն են, մեր վաղվա պայծառ գալիքի երաշխավորը: Նրանց աչքերում մենք պետք է տեսնենք ոչ թե անպաշտպանություն կամ վախ, այլ՝ անսահման հնարավորություններ և անսասան վստահություն: Հենց դրա համար է, որ պետությունը և պետական մարմինները երեխաների իրավունքների պաշտպանությունը պահում են և շարունակելու են պահել ուշադրության կենտրոնում»,- ասել է նախարարը՝ հավելելով, որ երեխաների պաշտպանությունը պարզապես սոցիալական քաղաքականություն չէ, այլ մեր երկրի սոցիալ-տնտեսական զարգացման, անկախության, անվտանգության և բարեկեցիկ ապագայի հիմքն է:

Նրա ներկայացմամբ ՀՀ-ն վճռական հանձնառություն է ստանձնել երեխաների իրավունքների ներառման, արդարության և պաշտպանության սկզբունքների պահպանման հարցում: Խոսելով պետության կողմից իրականացված ծրագրերի մասին՝ Արսեն Թորոսյանը նշել է, որ երեխայի այլընտրանքային խնամքի շարունակական բարեփոխումների իրականացման արդյունքում շուրջօրյա  հաստատություններում խնամվող երեխաների թիվը գրեթե հինգ անգամ կրճատվել է: 2018-2025 թվականներին խնամատար ընտանիքներում գրանցվել է խնամքի կազմակերպման ծավալի կտրուկ աճ: Անդրադառնալով առողջապահական համակարգում իրականացված բաեփոխումներին՝ նախարարն ընդգծել է, որ 2019 թվականի հուլիս ամսից մինչև 18 տարեկան բոլոր անչափահասների համար հիվանդանոցային բժշկական օգնությունն ու սպասարկումն իրականացվում է պետական պատվերի շրջանակում, իսկ Կառավարության կողմից ներկայում իրականացվող «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը, ըստ նախարարի, նպաստելու է նոր կրթական միջավայրի ստեղծմանը:

«Մենք պարտավոր ենք ապահովել, որ յուրաքանչյուր երեխա Հայաստանում մեծանա այնպիսի միջավայրում, որտեղ սերն ու պաշտպանությունն ավելի ուժեղ են, քան անտարբերությունն ու վտանգը»,- նշել է Արսեն Թորոսյանը՝ ընդգծելով, որ այդ միջավայրը պետք է լինի առանց պատերազմի, վախի և կորստի ցավի: Նա շեշտել է, որ միայն խաղաղության պայմաններում է հնարավոր կառուցել ուժեղ պետություն և ապահովել երեխաների անվտանգությունը: Օրենսդրական նախաձեռնության ընդունումը, ըստ նախարարի, վճռական քայլ է դեպի ավելի արդար, ներառական և երեխայակենտրոն Հայաստան:

Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Սիլվիա Մեստրոնին կարևորել է օրենքի նախգծի համապարփակ քննարկումը՝ համառոտ խոսելով երեխաների պաշտպանությանը վերաբերող մի շարք առաջնահերթությունների մասին:

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը կարևորել է լսումների անցկացումը՝ նշելով ոլորտում բազմազան  խնդիրների առկայությունը: Անահիտ Մանասյանն անդրադարձել է լուծման կարիք ունեցող ոլորտային մի քանի խնդիրների, որոնցից էին երեխաների նկատմամբ տարատեսակ բռնությունները՝ ֆիզիկական, սեռական և այլն:  Մյուս խնդիրը խնամակալության և հոգաբարձության մարմինների աշխատանքի կատարելագործումն է, որը, ըստ զեկուցողի, պետք է տեղի ունենա հենց նշված մարմինների կատարելագործման միջոցով: Անահիտ Մանասյանն անդրադարձել է նաև երեխայի կարծիքն իր տարիքին և հասունությանը համապատասխան հաշվի առնելու կարևորությունը, որը բացակայել է մինչ այժմ: Պաշտպանը խնդրահարույց է համարել նաև երեխային որպես սեփականություն համարելու մտայնությունը: «Մենք բոլորս, համատեղ ուժերով, պետք է կարողանանք պատշաճ քայլեր ձեռնարկել՝ այս բոլոր խնդիրները համակարգային առումով վերացնելու և դրանց լուծումներ գտնելու  համատեքստում»,- շեշտել է նա:

ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանն ընդգծել է օրենսդրական փաթեթի կարևորությունը երեխաների իրավունքների պաշտպանության տեսանկյունից, ապա անդրադարձել կրթության  ոլորտում իրականացվող գործընթացներին և բարեփոխումներին՝ ուղղված երեխաների կրթության իրավունքի լիարժեք ապահովմանն ու իրացմանը, կրթության որակի բարձրացմանը:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը շնորհակալություն է հայտնել բոլոր փորձագետներին, գերատեսչությունների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամին, գլխադասային հանձնաժողովի պատգամավորներին՝ օրենսդրական փաթեթի շուրջ համակողմանի և համապարփակ աշխատանք ծավալելու համար: Նա ներկայացրել է օրենսդրական փաթեթով առաջարկվող փոփոխությունների առանցքային դրույթները:

 Բանախոսները պատասխանել են լսումների մասնակիցների հարցերին:

Քննարկման մասնակիցներից շատերն իրենց ելույթներում անդրադարձել են օրենսդրական փաթեթին, կարևորել փաթեթի ընդունումը, առանձնապես ընդգծել երեխաներին տարատեսակ բռնություններից պաշտպանելու անհրաժեշտությունը:

Ամփոփելով՝ Ռուստամ Բաքոյանը շնորհակալություն է հայտնել խորհրդարանական լսումների մասնակիցներին արդյունավետ, բովանդակային քննարկում ծավալելու համար:

Լսումներին մասնակցում էին պատգամավորներ, Կառավարության ներկայացուցիչներ, փորձագետներ, հասարակական, այլ շահագրգիռ  կազմակերպությունների ներկայացուցիչներ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում