ՄՄարիամ Մխիթարյան

Դատարանը ժամանակավորապես արգելափակել է Լիզա Քուքին աշխատանքից ազատելու՝ Թրամփի փորձը

Դատարանը ժամանակավորապես արգելափակել է Լիզա Քուքին աշխատանքից ազատելու՝ Թրամփի փորձը

Կոլումբիայի շրջանի դաշնային դատարանը ժամանակավորապես արգելափակել է Դաշնային պահուստային համակարգի կառավարիչների խորհրդի անդամ Լիզա Քուքին աշխատանքից ազատելու՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փորձը:

Այսպիսով, Քուքը կկարողանա շարունակել աշխատանքը ԱՄՆ կենտրոնական բանկի ղեկավարությունում, քանի դեռ վիճարկում է նախագահի գործողությունները: Սակայն Սպիտակ տունը, ամենայն հավանականությամբ, արագ կբողոքարկի այդ որոշումը, գրում է The Wall Street Journal-ը:

Թրամփը Քուքին ազատել է աշխատանքից օգոստոսի վերջին՝ վկայակոչելով հիփոթեքային խարդախության մեղադրանքները, որոնք նրա դեմ ներկայացրել էր ԱՄՆ բնակարանային ֆինանսավորման դաշնային գործակալության ղեկավար Բիլ Պուլտեն: Ավելի ուշ ԱՄՆ արդարադատության նախարարությունը նախաքննություն է նախաձեռնել այդ գործով։

Քուքը դատական հայց է ներկայացրել ԱՄՆ նախագահի դեմ՝ հայտարարելով, որ Թրամփը «շինծու» պատճառ է ստեղծել իրեն աշխատանքից ազատելու համար՝ խախտելով Դաշնային պահուստային համակարգի մասին օրենքը, որի համաձայն նախագահը պետք է ապացուցի, որ կա կառավարիչների խորհրդի անդամին պաշտոնանկ անելու հիմնավոր պատճառ:  

Երեքշաբթի դաշնային դատավոր Քոբը բավարարել է Քուքի հայցը՝ արտակարգ որոշում կայացնելու վերաբերյալ, որը կարգելի նրան աշխատանքից ազատել իր գործի քննության ընթացքում: Դատարանը եզրակացրել է, որ հիփոթեքային վարկի դիմում ներկայացնելիս թույլ տրված խախտումների վերաբերյալ ենթադրությունները բավարար հիմք չեն օրենքով սահմանված կարգով Քուքին աշխատանքից ազատելու համար: Դատարանի կարծիքով՝ Քուքի հեռացման մեթոդը խախտել է պատշաճ ընթացակարգեր իրականացնելու նրա սահմանադրական իրավունքը։

Քուքը Դաշնային պահուստային համակարգի խորհրդում առաջադրվել է 2022 թվականին այն ժամանակվա նախագահ Ջո Բայդենի կողմից: Նրա պաշտոնավարման ժամկետը խորհրդում լրանում է 2038 թվականին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում