ԼԼուսինե Մուրադյան

Արման Սարգսյանը՝ զինծառայությունից ու վարժական հավաքներից առողջության հիմքով ազատվողների մասին

Արման Սարգսյանը՝ զինծառայությունից ու վարժական հավաքներից առողջության հիմքով ազատվողների մասին

Երկար տարիներ Հայաստանում տարբեր ձևերով օրինական ծառայությունից խուսափելու տասնյակ հազարավոր դեպքեր են եղել, և հետաքրքիր է՝ հիմա այդ մարդիկ նույնպես վարժական հավաքների ենթակա չեն, որովհետև արդեն իրենց գործերում նշված է, որ զինծառայության համար պիտանի չեն: Բայց մենք գիտենք, որ հասարակության լայն զանգվածներում առնվազն կասկածի տակ է դրվում այդ փաստաթղթերի օրինականությունը, և դրանք տասնյակ հազարավոր մարդկանց են վերաբերում: Այդ մասին Ազգային ժողովի՝ սեպտեմբերի 8-ի նիստին ասաց ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը, ապա, խոսքն ուղղելով ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանին, հարցրեց.

«Արդյոք կա՞ որոշակի պրոցես՝ այս վարժական հավաքների ընթացքում հետ գնալու և ստուգելու այդ մարդկանց գործերը, և եթե նրանք պիտանի են ծառայության, ապա գոնե մարզական հավաքներին, եթե առողջության որևէ թերություն չունեն, խնդիր չունեն, ապա նրանք ներգրավվեն, և ըստ այդմ՝ նաև բազաները թարմացվեն: Արդյոք նման պրոցես կա՞ կամ նախատեսվո՞ւմ է, ո՞րն է ՊՆ-ի դիրքորոշումն այս հարցում»:

Արման Սարգսյանը հայտարարեց՝ ՊՆ դիրքորոշումը միանշանակ դրական կլինի, եթե ոչ իրավաչափ հիմքով կամ ապօրինի կերպով ազատված մարդիկ կորցնեն իրենց ազատված լինելու իրավաչափ հիմքը և դառնան պահեստազորային:

«Սակայն քանի առկա է իրավական ակտ, որով նրանք ազատվել են իսկական զինվորական ծառայությունից՝ մասնավորապես առողջական վիճակի հիմքով, մենք չեք կարող նրանց ներգրավել, իսկ նման պրոցես պաշտպանության նախարարությունը չի նախաձեռնել, և սա իրավապահ մարմինների խնդիրն է»,- ասաց նա:

Նախարարի տեղակալը հիշեցրեց՝ կան նախաքննական մարմիններում բազմաթիվ քրեական վարույթներ, այդ թվում՝ տարբեր զորակոչերի ընթացքում այս հիմքով ազատված անձանց իրավաչափությունը ստուգելուն ուղղված, որոնք տևում են բավականին երկար:

«Չեմ կարող համապարփակ տեղեկատվություն տրամադրել, բայց մեր դիրքորոշումը, բնականաբար, դրական է: Ցանկալի կլիներ, որ նրանք վերադառնային, մենք էլ նրանց՝ որպես պահեստազորայինի ներգրավեինք վարժական հավաքներին»,- ասաց նա:

Հակոբ Արշակյանը նկատեց՝ թնջուկը մնում է չլուծված, և սա նույնպես իր հետևանքներն է ունենում մանավանդ այն քաղաքացիների շրջանում, որոնք բարեխղճորեն իրենց ծառայությունն անցել են, և հիմա էլ վարժական հավաքների են մասնակցել՝ իմանալով, որ իրենց հարևանությամբ կան մարդիկ, որոնք հավաքների ենթակա են, բայց չեն մասնակցում՝ ժամանակին ձեռք բերված ինչ-ինչ իրավական փաստաթղթերի հիմքով:

«Բոլոր դեպքերում այս հարցը մնում է չլուծված: Իրավական կողմը՝ դեռ մի կողմ, դա այլ գնահատականի հարց է, բայց զուտ ֆիզիկական առումով իմանալ՝ մարդը հիվանդություն ունի՞, թե՞ չունի, կարծում եմ՝ հնարավոր է, և ինչ-որ կերպ երևի թե անհրաժեշտ կլինեն՝ հավելյալ մշակելու մեխանիզմներ այդ վստահությունը վերականգնելու համար, որ բոլորը, ովքեր կարող են և ովքեր չունեն առողջական խոչընդոտներ, մասնակցեն հավաքներին, և այս առումով գնահատելի է ՊՆ դիրքրոշումը»,- ասաց նա:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում