ԼԼիլիթ Ասատրյան

Օգոստոսի 8-ին Սպիտակ տանը տեղի ունեցած գագաթնաժողովը շրջադարձային է. վարչապետ

Օգոստոսի 8-ին Սպիտակ տանը տեղի ունեցած գագաթնաժողովը շրջադարձային է. վարչապետ

2025 թվականի օգոստոսի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հյուրընկալությամբ Սպիտակ տանը տեղի ունեցած գագաթնաժողովը շրջադարձային է: Այդ մասին ուղերձով ժողովրդին դիմելիս ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«ԱՄՆ նախագահի, իմ և Ադրբեջանի նախագահի ներկայությամբ ԱԳ նախարարները նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հարապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը, ինչպես նաև ԵԱՀԿ ՄԽ գործընթացի և կից կառուցակարգերի լուծարման վերաբերյալ համատեղ դիմումը՝ ուղղված Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությանը: Ընդունեցինք Ադրբեջանի Հանրապետության նախագահի և ՀՀ վարչապետի համատեղ հռչակագիրը ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին, որը ստորագրեց նաև նախագահ Թրամփը»,- ասաց վարչապետը՝ ընդգծելով, որ այդ հռչակագրում կարևորագույն պայմանավորվածություններ են արձանագրված:

«Ես և Ադրբեջանի նախագահն ընդունեցինք Խաղաղության համաձայնագրի ստորագրմանը և վերջնական վավերացմանը հասնելու ուղղությամբ հետագա գործողությունները շարունակելու անհրաժեշտությունը և ընդգծեցինք մեր երկու երկրների միջև խաղաղության պահպանման ու ամրապնդման կարևորությունը: Վերահաստատեցինք ներպետական երկկողմ և միջազգային փոխադրումների համար երկու երկրների միջև հաղորդակցությունների բացման կարևորությունը՝ հիմնված պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության հարգման վրա՝ տարածաշրջանում ու նրա հարևանությամբ խաղաղությունը, կայունությունը ու բարգավաճումը խթանելու նպատակով:

Այդ ջանքերը կներառեն Ադրբեջանի Հանրապետության հիմնական մասի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև ՀՀ տարածքով անխոչընդոտ հաղորդակցությունը՝ ՀՀ-ի համար միջազգային և ներպետական հաղորդակցության փոխադարձ առավելություններով: Ուշադրություն դարձրեք՝ ներպետական երկկողմ և միջազգային փոխադրումների համար երկու երկրների միջև հաղորդակցությունների բացում՝ հիմնված պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության հարգման վրա»,- նշեց վարչապետ Փաշինյանը:

Նա ասաց՝ հռչակագրում արձանագրվել է, որ ՀՀ-ն աշխատելու է ԱՄՆ-ի և փոխադարձաբար համաձայնեցված երրորդ կողմերի հետ ՀՀ-ի տարածքում Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման հաղորդակցության ծրագրի իրականացման շրջանակը սահմանելու նպատակով: «Ընդ որում, ընդգծվեց մեր վճռականությունը բարեխղճորեն ձեռնարկելու բոլոր միջոցները՝ սույն նպատակին հնարվորինս արագ կերպով հասնելու համար: 

Ադրբեջանի նախագահի հետ ընդունեցինք նաև անցյալի հակամարտությամբ չկանխորոշված ՄԱԿ կանոնդարությանը և 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրին համապատասխան Պայծառ ապագայի ուղի նախանշելու անհրաժեշտությունը: Հռչակեցինք, որ մարդկային անասելի տառապանքները պատճառած հակամարտությունից հետո մեր ժողովուրդների համար ստեղծվել են վերջապես բարիդրացական հարաբերություններ սկսելու պայմաններ՝ հիմնված միջազգային սահմանների անքակտելոիության և տարածքներ ձեռք բերելու նպատակով ուժի կիրառման անթույլատրելոիւթյան սկզբունքների վրա: Արձանագրեցինք, որ այս իրողությունը որը ենթակա չէ և չպետք է ենթակա լինի վերանայման, ճանապարհ է հարթում մեր երկու ժողովուրդների միջև թշնամանքի էջը փակելու համար: 

Մենք վճռականորեն մերժեցինք և բացառեցինք վրեժխնդրության ցանկացած փորձ ներկայում և ապագայում»,- նշեց Նիկոլ Փաշինյանը: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում