Եվրամիությունը ողջունել է Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպումը Աբու Դաբիում՝ այն որակելով դրական զարգացում երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում։
ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության խոսնակ Անիտա Հիփերը վերահաստատել է միության շարունակական աջակցությունը Բաքվի և Երևանի միջև դիվանագիտական նախաձեռնություններին։
«Մենք ողջունել ենք «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախագծի շուրջ բանակցությունների ավարտը 2025 թվականի մարտին։ Սա կարևոր քայլ է տարածաշրջանում երկարատև խաղաղություն և անվտանգություն ապահովելու ուղղությամբ: Եվրամիությունն աջակցել է երկխոսության խթանմանը և մշտապես արտահայտել է իր պատրաստակամությունը՝ օգնելու կողմերին համապարփակ խաղաղության համաձայնագրի կնքման հարցում», - նշել է նա։










