ՄՄարիամ Մխիթարյան

ԱՄՆ-ն դադարեցրել է Ուկրաինային խոստացված զինամթերքի մի մասի մատակարարումը. Politico

ԱՄՆ-ն դադարեցրել է Ուկրաինային խոստացված զինամթերքի մի մասի մատակարարումը. Politico

Պենտագոնը դադարեցրել է զենիթային հրթիռների և մյուս բարձր ճշգրտության զինամթերքի մատակարարումներն Ուկրաինային՝ կապված մտավախության հետ, որ այդ սպառազինությունների պաշարները ԱՄՆ-ում չափազանց շատ են կրճատվել:

Այս որոշումը հունիսի սկզբին նախաձեռնել է պաշտպանության փոխնախարար Էլբրիջ Քոլբին, հաղորդում է Politico-ն՝ հղում անելով իրավիճակին ծանոթ երեք աղբյուրի:

Հրապարակման համաձայն՝ խոսքը Patriot հակաօդային պաշտպանության հրթիռների, Hellfire հրթիռների և մյուս բարձր ճշգրտության հրետանային զինամթերքի մասին է: Այդ սպառազինությունների մատակարարումները Կիևի հետ համաձայնեցվել էին դեռևս Ջո Բայդենի վարչակազմի ժամանակ։

Ինչպես բացատրել է Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Աննա Քելլին, որի խոսքը մեջբերում է Politico-ն, մատակարարումները սառեցնելու մասին որոշումն ընդունվել է «Ամերիկայի շահերից ելնելով»՝ մյուս երկրներին ռազմական աջակցության հարցի ներքին վերանայման արդյունքում:

Պենտագոնի գործողությունները մտահոգություն են առաջացրել ԱՄՆ Կոնգրեսում: «ԱՄՆ հակաօդային պաշտպանության համակարգերը, այդ թվում՝ Patriot-ը, Ուկրաինայի պաշտպանության հիմքն են: Դրանք աշխատում են, դրանք ամեն օր կյանքեր են փրկում»,- Politico-ն մեջբերում է Օհայոյի դեմոկրատ կոնգրեսական Մարսի Կապտուրի խոսքը: «Եթե դա ճիշտ է, ապա պարոն Քոլբին որոշումներ է կայացնում, որոնք անխուսափելիորեն կհանգեցնեն ուկրաինացի զինվորների և քաղաքացիական անձանց մահվան»,- շեշտել է կոնգրեսականը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում