ԴԴավիթ Մուրադյան

Պուտինը Մակրոնի հետ քննարկել է Մերձավոր Արևելքի և Ուկրաինայի հարցերը

Պուտինը Մակրոնի հետ քննարկել է Մերձավոր Արևելքի և Ուկրաինայի հարցերը

Վլադիմիր Պուտինը և Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Մերձավոր Արևելքի իրավիճակը՝ Իրանի և Իսրայելի հակամարտության համատեքստում, ինչպես նաև ԱՄՆ հարվածները Իրանի միջուկային օբյեկտներին։ Այդ մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Երկու նախագահները շեշտել են, որ որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամներ՝ Ռուսաստանն ու Ֆրանսիան հատուկ պատասխանատվություն են կրում տարածաշրջանային խաղաղության և միջուկային զենքի չտարածման հարցում։ Կարևորվել է Իրանի՝ խաղաղ ատոմի զարգացման իրավունքը հարգելը և ԱԷՄԳ-ի հետ շարունակվող համագործակցությունը։

Պուտինն ու Մակրոնը համակարծիք են եղել, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ ճգնաժամը և Մերձավոր Արևելքի հակասությունները պետք է լուծվեն բացառապես քաղաքական և դիվանագիտական ճանապարհով։ Նրանք պայմանավորվել են շարունակել շփումները՝ դիրքորոշումների համակարգման նպատակով։

Քննարկվել է նաև ուկրաինական հակամարտությունը։ «Ռուսաստանի նախագահը վերահաստատել է իր սկզբունքային դիրքորոշումը՝ խաղաղ կարգավորման հնարավոր ուղիների վերաբերյալ՝ շեշտելով երկարաժամկետ և համապարփակ համաձայնության անհրաժեշտությունը՝ հիմնված նոր տարածքային իրողությունների վրա»,- ասված է Կրեմլի հաղորդագրության մեջ։ Ըստ աղբյուրի՝ զրույցը եղել է բովանդակային։

Ելիսեյան պալատի տարածած հաղորդագրության համաձայն՝  «Ֆրանսիայի նախագահն ընդգծել է, թե որքան հրատապ է, որպեսզի Իրանը կատարի միջուկային զենքի չտարածման պայմանագրով ստանձնած պարտավորությունները և լիարժեք համագործակցի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) հետ, որի տեսուչները պետք է կարողանան անհապաղ վերսկսել իրենց աշխատանքը։ Նա վերահաստատել է իր վճռականությունը՝ գտնելու դիվանագիտական լուծում, որը թույլ կտա հասնել միջուկային խնդրի, Իրանի հրթիռային ծրագրի և տարածաշրջանում նրա դերի կայուն և հավակնոտ կարգավորման»։

Ուկրաինայի հարցում Մակրոնը վերահաստատել է Ֆրանսիայի անսասան աջակցությունն Ուկրաինայի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։ «Նա կոչ է արել հնարավորինս շուտ հաստատել հրադադար և սկսել բանակցություններ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև՝ համապարփակ ու կայուն կարգավորման հասնելու համար։ Երկու նախագահները շարունակելու են շփումները նաև այս հարցի շուրջ»,- ասված է հաղորդագրության մեջ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում