ՎՎահե Դավթյան

ՀՀ և Չինաստանի ԱԳ նախարարներն ընդգծել են ռազմավարական գործընկերության կառուցման հարցում առկա քաղաքական կամքը

ՀՀ և Չինաստանի ԱԳ նախարարներն ընդգծել են ռազմավարական գործընկերության կառուցման հարցում առկա քաղաքական կամքը

Հունիսի 26-ին, Չինաստան պաշտոնական այցի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Չինաստանի Պետխորհրդի անդամ, արտաքին գործերի նախարար Վան Յիի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Հանդիպման օրակարգը ներառել է հարցերի լայն շրջանակ՝ ինչպես Հայաստանի և Չինաստանի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանն ուղղված աշխատանքները, այնպես էլ միջազգային ու տարածաշրջանային թեմաներ։

Երկկողմ հարաբերությունների համատեքստում զրուցակիցները գոհունակությամբ նշել են տարբեր ոլորտներում զարգացող համագործակցության արդյունքում արձանագրված նշանակալի ցուցանիշները։

Արարատ Միրզոյանը և Վան Յին երկուստեք ընդգծել են համատեղ ջանքերով առավել լայն և ընդգրկուն օրակարգի ձևավորման, ռազմավարական գործընկերության կառուցման հարցում առկա քաղաքական կամքը՝ ներառյալ բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն, տնտեսություն, ենթակառուցվածքային ծրագրեր և հումանիտար համագործակցություն։

Անդրադարձ է կատարվել առաջիկա բարձրաստիճան շփումներին, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցության հարցերի։ Նախարար Միրզոյանը Վան Յիին փոխանցել է ՀՀ դիրքորոշումը Շանհայի Համագործակցության Կազմակերպության շրջանակներում ՀՀ ներգավածությունն ընդլայնելու հարցում։

Միջազգային գործընկերությունների զարգացման համատեքստում նախարար Միրզոյանը ներկայացրել է ՀՀ բալանսավորված ու բալանսավորման արտաքին քաղաքականության և դիվերսիֆիկացիայի միջոցով զարգացող հարաբերությունները։

Տարածաշրջանային փոխկապակցվածության ընդլայնման համատեքստում ընդգծվել է Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» և ՀՀ «Խաղաղության խաչմերուկ» ծրագրերի համադրելիությունը և Հարավային Կովկասի՝ Ասիայի և Եվրոպայի միջև կամրջի դեր կատարելու նշանակալի ներուժը։

Նախարար Միրզոյանը ներկայացրել է Հարավային Կովկասում խաղաղության հաստատման ՀՀ տեսլականը։ Այս համատեքստում Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ ՀՀ-ն բարձր է գնահատում տարածաշրջանում խաղաղության հաստատման հարցում Չինաստանի սկզբունքային մոտեցումը՝ հիմնված առանցքային սկզբունքների, այդ թվում՝ տարածքային ամբողջականության հարգման վրա։

ՀՀ արտաքին գործերի նախարարը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական հարաբերությունների հաստատման և խաղաղության մասին համաձայնագրի կնքման ուղղությամբ վերջին քննարկումները։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում