ԼԼուսինե Մուրադյան

«Երիտասարդ եվրոպական դեսպանները» ՀՀ նախագահին են ներկայացրել եվրոպական արժեքների տարածման իրենց ծրագրերը

«Երիտասարդ եվրոպական դեսպանները» ՀՀ նախագահին են ներկայացրել եվրոպական արժեքների տարածման իրենց ծրագրերը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը նախագահի նստավայրում ընդունել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսին և «Երիտասարդ եվրոպական դեսպաններ» (ԵԵԴ) նախաձեռնության անդամներին։

Ողջունելով դեսպանին և երիտասարդ դեսպաններին՝ նախագահ Խաչատուրյանը բարձր գնահատել է նախաձեռնության անդամների ակտիվ գործունեությունը՝ այն համարելով Հայաստան-Եվրամիություն սերտ համագործակցության արտահայտություն և կարևոր խթան։ Նա ընդգծել է ԵԵԴ նախաձեռնության առանձնահատուկ դերը՝ որպես կապող օղակ եվրոպական և հայաստանյան երիտասարդների միջև՝ կարևորելով նման ծրագրերի ազդեցությունն ինտեգրացիոն գործընթացների, կրթության ու երիտասարդների ներառականության խթանման տեսանկյունից։

Դեսպան Մարագոսը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ ներկայացնելով ԵԵԴ-ի ընթացիկ ծրագրերն ու նախաձեռնությունները՝ ուղղված ԵՄ-Հայաստան գործընկերության ամրապնդմանը։

Հանդիպման ընթացքում ԵԵԴ անդամները անմիջական և ակտիվ երկխոսության մթնոլորտում ներկայացրել են իրենց նախաձեռնությունները, որոնք միտված են Հայաստանում եվրոպական արժեքների տարածմանը, ժողովրդավարության, ժողովրդավարական ինստիտուտների, իրավունքի գերակայության և մարդու իրավունքների վերաբերյալ հասարակության իրազեկման մակարդակի բարձրացմանը։ Նրանք անդրադարձել են նաև մարզերում բնակվող երիտասարդների հետ տարվող աշխատանքին, ընդգծել են համատեղ ծրագրերի իրականացումը և Հայաստանի ազգային փոքրամասնությունների մշակույթների ուսումնասիրման ուղղությամբ ձեռնարկված քայլերը։

Երիտասարդ դեսպանները կարևորել են մշակույթների միջև երկխոսության զարգացումն ու փոխճանաչողության խթանումը՝ որպես խաղաղության, համագործակցության և փոխըմբռնման հիմք։

Հանդիպման ավարտին մասնակիցները նախագահին ուղղել են իրենց հուզող հարցերը՝ քննարկելով կրթության ոլորտի, ՀՀ-ԵՄ ինտեգրման, պետական կառավարման համակարգի զարգացման և այլ արդիական խնդիրների ու դրանց հնարավոր լուծումների ուղղությունները։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում