ԿԿարմեն Ղուկասյան

Թող մնան իրենց չափի մեջ. Ալեն Սիմոնյանն անդրադարձավ խորհրդարանում երեկ ստեղծված թեժ իրավիճակին

Թող մնան իրենց չափի մեջ. Ալեն Սիմոնյանն անդրադարձավ խորհրդարանում երեկ ստեղծված թեժ իրավիճակին

ԱԺ նախագահն այսօր լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով երեկ խորհրդարանում վարչապետի ներկայությամբ լարված իրավիճակին, ասաց՝ կարծում է՝ ընդդիմադիրները պետք է ներողություն խնդրեն, որովհետև այդ ամենը ընդդիմադիրների գործունեության, լկտիության, պահվածքի հետևանք էր: 

«Այդ լարվածության աստիճանն անընդհատ բարձրանում է, սկզբից սկսում են քեզ ընդհատել, երբ մի միտք ես ասում, դրանից հետո սկսում են դու-ով խոսել, հետո սկսում են ակնհայտ սուտ խոսել, դրանից հետո սկսում են բղավել, ապա՝ կոլեկտիվ ձևով բղավել»,- ասաց ԱԺ նախագահը:

Նրա խոսքով՝ մարդկանց հետ շփումներում իրեն ամենաշատը տրվող հարցն այն է, թե իր նյարդերն ինչպես են դիմանում:

«Դուք չեք պատկերացնում՝ այդ լարվածությունն ինչ աստիճանի է»,- հավելեց Սիմոնյանը:

Դիտարկմանը՝ արդյոք դա արդարացո՞ւմ է, ասաց՝ արդարացում չէ, սակայն յուրաքանչյուր մարդու համար դա պետք է հասկանալի լինի:

«Վարչապետն էլ, ես էլ մարդ ենք: Մսից ու արյունից ենք, ու մենք էլ նյարդեր ու համբերություն ունենք»,- ասաց ԱԺ նախագահը:

Հարցին՝ արդյոք ընդդիմադիրներն իրավունք չունե՞ն բարձրաձայնել կոռուպցիոն դրսևորումների կասկածների մասին, Սիմոնյանը պատասխանեց. «Ոչ ոք չի ասում՝ մի՛ բարձրաձայնեք: Այն, որ նրանք այսօր բարձրաձայնում են, դա շնորհիվ Նիկոլ Փաշինյանի է: Այն, որ այդ հարցը ինձ տալիս եք, շնորհիվ Նիկոլ Փաշինյանի է, այսինքն՝ խոսքի ազատությունը, մարդկանց ազատ արտահայտվելու իրավունքն այսօր ամենաբարձր աստիճանն է ՀՀ պատմության մեջ: 

Այդ մարդիկ, գայլ լինելով, հագնելով գառի դիմակ, գալիս, նստում են այստեղ, ասում են՝ բա չիմացա՞ք՝ մարդուն տարան 12 ժամ պահեցին, բայց իր ձեռքերը արյան մեջ են»,- նշեց ԱԺ նախագահը:

Նրա խոսքով՝ կան քրեական գործեր, որոնք շարունակվում են, ու ՀՀ գլխավոր դատախազը գալու է նրանց հետևից: 

«Այդ մարդիկ պատժվելու են, ժամանակի խնդիր է»,- ասաց Սիմոնյանը:

Հարցին՝ ում նկատի ունի ԱԺ նախագահը, պատասխանեց՝ այն մարդկանց հետևից, որոնք 2008-ին զորք են մտցրել Երևան ու մարդկանց են գնդակահարել:

Նրա խոսքով՝ մենք չենք կարող մեզ թույլ տալ լինել բռնապետ, որովհետև ունենք անվտանգային խնդիր:

Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե ինչու իրավապահ համակարգը դա չի արել այս ընթացքում, պատասխանեց՝ պատճառները շատ են:

«Ամբողջ կազմով լծվել են հետքերը վերացնելուն: Շատ եմ «Մարտի 1» ասում, որովհետև մասնակցել եմ այդ ամենին: Փամփուշտներ վերացնելու, վաղեմության ժամկետների պատճառով, իրավապահ համակարգի միգուցե ծանրաբեռնվածության պատճառով, բայց էլի եմ ասում՝ դա չի փրկելու, էդ մարդիկ նստելու են»,- ասաց Սիմոնյանը՝ խուսափելով անուններ հնչեցնել:

«Ասածս հետևյալն է՝ թող մնան իրենց չափի մեջ»,- կոչ արեց ԱԺ նախագահը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում