ԿԿարմեն Ղուկասյան

ՔՊ խմբակցությունը դեմ քվեարկեց «Հայաստան» խմբակցության ներկայացրած՝ ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծին

ՔՊ խմբակցությունը դեմ քվեարկեց «Հայաստան» խմբակցության ներկայացրած՝ ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծին

Մեկնարկել է ԱԺ ութերորդ գումարման իններորդ նստաշրջանի հերթական նիստը:

Քննարկվում է «Հայաստան» խմբակցության ներկայացրած՝ ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը, որի վերաբերյալ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը ներկայացրել է բացասական եզրակացություն:

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտնեց՝ նստաշրջանի օրակարգ ընդգրկելու համար այս հարցը պետք է քվեարկել առանձին:

ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծի հիմնական զեկուցող Թադևոս Ավետիսյանի խոսքով՝ նախագծի նպատակը փուլային եղանակով և գործող օրենսդրությամբ սահմանված ձևով ներդրվող եկամտային հարկի տարեկան հաշվարկներ, հայտարարագրեր  ներկայացնելու համընդհանուր պահանջի չեղարկումն է, որը ժամանակավրեպ է, դրված նպատակի տեսակետից՝ ոչ լիարժեք և ոչ համարժեք:

Ըստ Ավետիսյանի՝ այն քաղաքացիների համար դառնալու է նոր և ավելորդ վարչարարության անիմաստ պարտավորության և տուգանքի հիմք:

Հարակից զեկուցող Նարեկ Ղահրամանյանը հայտնեց՝ քննարկման արդյունքում տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը տվել է բացասական եզրակացություն: 

«Մինչ այժմ 12 հազարից ավելի քաղաքացի այս համակարգի շնորհիվ ստացել է սոցիալական կրեդիտների վերադարձ՝ միջինը մեկ անձին ընկնող 92 հազար դրամով, բացի դրանից՝ Կառավարության հետ քննարկումներ են ընթանում, որպեսզի հայտարարագրումը պարզեցվի մինչև այո-ի կամ ոչ-ի մակարդակի, որպեսզի քաղաքացին այդկերպ հնարավորություն ունենա իրագործել իր հայտարարագրումը: Հետևաբար, նախագիծը չի բխում հայտարարագրման մշակույթի շահերից»,- հայտարարեց Ղահրամանյանը՝ կոչ անելով դեմ քվեարկել նախագծին:

Վարման կարգով ելույթով հանդես եկավ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, հայտարարեց՝ ՔՊ խմբակցությունը դեմ է քվեարկելու այս նախագծին: 

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն էլ վարման կարգով ելույթում նշեց՝  այս նախագիծը ոչ թե եկամուտների պատկերը ճշտելու նպատակ է հետապնդում, այլ հավելյալ հարկեր մտցնելու նպատակ:

Այնուհետև 20 րոպե ընդմիջում հայտարարվեց, որից հետո քվեարկության դրվեց ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը ութերորդ գումարման 9-րդ նստաշրջանի օրակարգում ընդգրկելու մասին հարցը:

ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հայտարարեց. «27 կողմ, 59 դեմ, 1 ձեռնպահ. որոշումը չի ընդունվել»:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում