ՄՄարիամ Մխիթարյան

Համաշխարհային առևտուրը կտրուկ փոխվել է. France 24

Համաշխարհային առևտուրը կտրուկ փոխվել է. France 24

Չորեքշաբթի ուժի մեջ են մտել տասնյակ երկրների նկատմամբ Թրամփի «փոխադարձ» մաքսատուրքերը՝ առաջացնելով ամբողջ աշխարհում ռեցեսիայի և ֆոնդային շուկաների անկման մտավախություն: Չինաստանի նկատմամբ 104 տոկոսով և ԵՄ-ի՝ 20 տոկոսով մաքսատուրքերը խախտել են համաշխարհային առևտրային կարգը, որը պահպանվել է տասնամյակներ շարունակ, գրում է France 24-ը:

Թրամփը ներդրողներին երկիմաստ ազդանշաններ է հաղորդել այն մասին, որ սակագները կպահպանվեն երկարաժամկետ հեռանկարում՝ դրանք անվանելով «մշտական», բայց նաև պարծեցել է, որ ճնշում են գործադրում մյուս առաջնորդների վրա՝ պահանջելով բանակցություններ սկսել: «Կան շատ երկրներ, որոնք ցանկանում են գործարքներ կնքել մեզ հետ»,- ասել է Թրամփը, նաև ակնկալել, որ Չինաստանը նույնպես կձգտի համաձայնության գալ ԱՄՆ-ի հետ:

Թրամփի վարչակազմը բանակցություններ է ծրագրել Հարավային Կորեայի և Ճապոնիայի՝ երկու մերձավոր դաշնակիցների ու խոշոր առևտրային գործընկերների հետ, իսկ Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին ԱՄՆ  է այցելելու հաջորդ շաբաթ:

Մյուս երկրների հետ գործարքներ կնքելու հեռանկարի արդյունքում երեքշաբթի ֆոնդային շուկաներում աճ է գրանցվել, սակայն առևտրային օրվա ավարտին ամերիկյան բաժնետոմսերը կորցրել են իրենց դիրքերը:

Չինական բաժնետոմսերը, սակայն, պահպանել են կայունությունը, քանի որ կառավարությունն աջակցում է թուլացող շուկային:

Չինական առաջատար բրոքերային ընկերությունները խոստացել են միավորել չինական պետական հոլդինգային ընկերությունների ջանքերը՝ օգնելու կայունացնել բաժնետոմսերի ներքին գները՝ ի պատասխան սակագների պատճառած ցնցումների: Չորեքշաբթի Նոր Զելանդիայի և Հնդկաստանի կենտրոնական բանկերը նվազեցրել են տոկոսադրույքները, ինչը կարող է նախանշել քաղաքական գործիչների ավելի լայն քայլեր՝ փորձելու մեղմել տուրքերի հարվածը իրենց տնտեսություններին:

Մյուս երկրները ֆինանսական աջակցություն են տրամադրել արտահանման հիմնական հատվածներին, իսկ Հարավային Կորեան հայտարարել է մի շարք արտակարգ միջոցառումների մասին ավտոարտադրողների համար, ներառյալ՝ հարկերի կրճատումներն ու սուբսիդիաները:

Միաժամանակ Եվրամիության անդամ 27 պետությունները պատրաստվում են չորեքշաբթի քվեարկել մաքսատուրքերի դեմ նախնական քայլերի օգտին:

Շատ տնտեսագետներ նախազգուշացրել են, որ, ի վերջո, ԱՄՆ սպառողները, ամենայն հավանականությամբ, կկրեն առևտրային պատերազմի հիմնական բեռը՝ բախվելով բոլոր ապրանքների գների բարձրացմանը՝ սպորտային կոշիկներից մինչև գինի:

Մինչդեռ Թրամփը հասկացրել է, որ մաքսատուրքերի հարցը փակված չէ: Երեքշաբթի երեկոյան ելույթ ունենալով հանրապետական օրենսդիրների առջև՝  նա ասել է, որ շուտով կհայտարարի դեղագործական ապրանքների ներմուծման «լուրջ» տուրքերի մասին: Դրանք այն սակավաթիվ կատեգորիայի ապրանքներն են, որոնք ազատվել են նոր հարկերից:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում