Թբիլիսիի դատարանը Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլուն դատապարտել է 4,5 տարվա ազատազրկման՝ նրան մեղավոր ճանաչելով 2021 թվականի աշնանը պետական սահմանն ապօրինի հատելու համար, երբ ութ տարվա բացակայությունից հետո նա գաղտնի վերադարձել էր երկիր։ Այս մասին հայտնում է TV Pirveli-ն։
Դատավճռի հրապարակումը մեծ աղմուկ է առաջացրել դատարանի դահլիճում։ Դատական կարգադրիչները ստիպված են եղել դահլիճից հեռացնել Սաակաշվիլու կողմնակիցներին։ Ինքը ՝ նախկին նախագահը, նիստին չի մասնակցել։
Ներկայիս պատիժն արդեն չորրորդն է պետության նախկին ղեկավարի համար։ Երրորդը հայտարարվել է մարտի 12-ին, Սաակաշվիլին դատապարտվել է ինը տարվա ազատազրկման բյուջետային միջոցների խոշոր չափերով յուրացման գործով։ Այսպիսով երեք տարով ավելացել է վեց տարվա ազատազրկումը, որը նախկին նախագահը կրում է 2021 թվականից ի վեր երկու գործով՝ պատգամավոր Վալերի Գելաշվիլուն ծեծի ենթարկելու և «Վրաստանի միացյալ բանկի»-ի աշխատակից Սանդրո Գիրգվլիանիին սպանողներին ներում շնորհելու համար։
Վարույթում ևս մեկ գործ կա՝ 2007 թվականին Թբիլիսիում ցույցի ուժով ցրումը և գործարար Բադրի Պատարկացիշվիլուն պատկանող «Իմեդի» հեռուստաընկերության գրավումը:
Ըստ գործող պատժաչափերի Սաակաշվիլին ազատ կարձակվի 2030 թվականի հոկտեմբերից ոչ շուտ, եզրափակել է լրատվականը։










