ՄՄարիամ Մխիթարյան

Թրամփն ընդգծել է Ուկրաինայի և Ռուսաստանի հետ բանակցելու կարևորությունը

Թրամփն ընդգծել է Ուկրաինայի և Ռուսաստանի հետ բանակցելու կարևորությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կոնգրեսի երկու պալատներին ուղղված իր ուղերձում ներկայացրել է իր վարչակազմի մեկուկես ամսվա աշխատանքի արդյունքները, երկրի տնտեսության զարգացման տեսլականը, ներքին և արտաքին քաղաքական առաջնահերթությունները:

Անդրադառնալով ռուս-ուկրաինական հակամարտությանը՝ Թրամփը պնդել է, որ անդադար աշխատում է դաժան պատերազմը դադարեցնելու ուղղությամբ, և ասել է, որ «նամակ» է ստացել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուց, որում նա հայտարարում է խաղաղ բանակցություններին իր պատրաստակամության մասին։

«Այսօր կարևոր նամակ ստացա Ուկրաինայի նախագահ Զելենսկուց, որում ասվում է. Ուկրաինան պատրաստ է որքան հնարավոր է շուտ նստել բանակցությունների սեղանի շուրջ՝ կայուն խաղաղությունը մոտեցնելու համար: Ոչ ոք ավելի շատ խաղաղություն չի ուզում, քան ուկրաինացիները»,- ասել է Թրամփը՝ հավելելով, որ երախտապարտ է ուղերձի համար։

Նրա խոսքով՝ Զելենսկին հայտարարել է նաև իր պատրաստակամության մասին՝ «ցանկացած հարմար պահի» ստորագրել հանքարդյունաբերության վերաբերյալ համաձայնագիրը։ «Ես գնահատում եմ, որ նա ինձ նման նամակ է ուղարկել»,- ասել է Թրամփը:

Ավելի ուշ ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպան Օքսանա Մարկարովան պարզաբանել է, որ Ուկրաինայի նախագահը Թրամփին առանձին նամակ չի գրել։

ԱՄՆ նախագահը նշել է նաև խաղաղությանը Ռուսաստանի պատրաստակամության մասին: «Միաժամանակ մենք լուրջ քննարկումներ ենք ունեցել Ռուսաստանի հետ և ուժեղ ազդակներ ենք ստացել, որ նրանք պատրաստ են խաղաղության»,- Կոնգրեսին ասել է Թրամփը։

Նա ընդգծել երկու կողմի հետ բանակցելու կարևորությունը: Թրամփը նաև կարծիք է հայտնել, որ Ռուսաստանը ներխուժել է Ուկրաինա՝ տեսնելով Աֆղանստանից ամերիկյան զորքերի ամոթալի դուրսբերումը և դա համարել իր համար լավ հնարավորություն:

ԶԼՄ-ները նկատել են, որ ԱՄՆ նախագահն իր ելույթում չի հիշատակել Կիևին ռազմական օգնության դադարեցման մասին, որը հայտարարվել էր նախօրեին։ Ամերիկյան զենքի որոշ մատակարարումներ չափազանց կարևոր են Ուկրաինայի համար և չեն կարող փոխարինվել ուկրաինական և եվրոպական զենքերով: Այդ մասին չի նշել նաև Զելենսկին իր նախորդ գրառումներում, գրում է BBC-ն։

1 ժամ 40 րոպե տևողությամբ ռեկորդային ելույթում ամերիկացի նախագահը խոստացել է նաև հաղթել գնաճն ու բյուրոկրատիան, իր երկրի կազմում ներառել Գրենլանդիան և ԱՄՆ-ում ստեղծել «Ոսկե գմբեթ» հակաօդային պաշտպանության համակարգը։ Հանրապետականները նրա ելույթը դիմավորել են ծափերով, դեմոկրատները՝ լռությամբ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում