ԼԼիլիթ Ասատրյան

Վերջին հինգ տարիներին գիտությանն ուղղված ֆինանսավորումը երեք անգամ ավելացել է. Հակոբ Արշակյան

Վերջին հինգ տարիներին գիտությանն ուղղված ֆինանսավորումը երեք անգամ ավելացել է. Հակոբ Արշակյան

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը փետրվարի 15-ին մասնակցել է «Գիտուժ» նախաձեռնության կազմակերպած «Գիտություն և տեխնոլոգիա. դիմակայելով Հայաստանի մարտահրավերներին» խորագրով համաժողովին: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից:

Ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ ԱԺ նախագահի տեղակալը կարևորել է նման ձևաչափով քննարկումները, որոնց ընթացքում գիտական և տեխնոլոգիական համայնքների ներկայացուցիչներին հնարավորություն է ընձեռվում բարձրաձայնելու խնդիրների մասին:

«Այսօր աշխարհում տեղի ունեցող արագ փոփոխությունների համատեքստում տարբեր երկրներում ի հայտ են գալիս նոր մարտահրավերներ, ռազմավարական նոր առաջնահերթություններ: Բնականաբար, Հայաստանում նման մարտահրավերներին դիմակայելու համար համապատասխան ոլորտային, դինամիկ աշխատանքներ են իրականացվում»,- ասել է Հակոբ Արշակյանը «Գիտություն և տեխնոլոգիա. ռազմավարական նպատակներ» թեմայով պանելային քննարկման ընթացքում:

Որպես ՀՀ վարչապետին կից Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների զարգացման խորհրդի գործադիր մարմնի ղեկավար՝ ԱԺ փոխնախագահը ներկայացրել է խորհրդի կատարած աշխատանքները: Նա տեղեկացրել է, որ ձևավորվել է 8 աշխատանքային խումբ, որոնցում ներգրավվել են շուրջ 70 ոլորտային մասնագետներ, գիտության ոլորտի ձեռներեցներ, հեղինակավոր անձինք Հայաստանից և սփյուռքից. նպատակն է նպաստել Հայաստանում գիտատեխնոլոգիական ոլորտի զարգացմանը:

Հակոբ Արշակյանը մանրամասներ է ներկայացրել կրթության, գիտության և արդյունաբերության ոլորտների բաղադրիչներ պարունակող 5 ճյուղերի (արհեստական բանականություն և մեքենայական ուսուցում, միկրոէլեկտրոնիկա, ընդլայնված ռոբոտաշինություն և ավիատիեզերական, քվանտային տեխնոլոգիաներ, կենսատեխնոլոգիա և կյանքի գիտություններ) զարգացմանն ուղղված ծրագրերը:

Նա շեշտել է, որ կրթության, գիտության և արդյունաբերության ուղղությունների ներդաշնակ զարգացումը կարող է բերել թռիչքային զարգացման, որը կարևոր դերակատարում ունի պետության մրցունակության, անվտանգության և կենսամակարդակի բարձրացման գործում:

Հակոբ Արշակյանը նշել է, որ վերջին հինգ տարիներին գիտությանն ուղղված ֆինանսավորումը երեք անգամ ավելացել է. «Մեր բոլորի նպատակն է համատեղ ջանքերով աջակցել Հայաստանում գիտության զարգացման կայացմանը»,- ասել է ԱԺ նախագահի տեղակալը՝ շեշտելով կրթության, գիտության, արդյունաբերության փոխկապակցված զարգացման անհրաժեշտությունը:

Բարձր տեխնոլոգիաների ոլորտում պետական ֆինանսավորման միջոցները վերջին հինգ տարում  ավելացվել են շուրջ 5 անգամ:

Մեր խնդիրն է օգնել Կառավարությանը հնարավորինս արդյունավետ բաշխել միջոցները` նպաստելով ոլորտի կայուն զարգացմանը:

Հակոբ Արշակյանը պատասխանել է գիտական համայնքի ներկայացուցիչների հարցերին: Անդրադարձ է կատարվել արդյունաբերական նորարարությանը, ռազմարդյունաբերության զարգացմանն ուղղված քայլերին, ակադեմիական գիտական հետազոտություններին և պետություն-մասնավոր համագործակցությանը:

Ոլորտային օրենսդրական նախաձեռնությունների մշակման գործընթացում կարևորվել է գործադիրի, օրենսդիրի և գիտական համայնքի համագործակցությունը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում