ՎՎահե Դավթյան

Առաջին անգամ անցկացվել է ընթերցանության օլիմպիադա

Առաջին անգամ անցկացվել է ընթերցանության օլիմպիադա

Առաջին անգամ 5-րդ և 6-րդ դասարանցիների շրջանում կազմակերպվել է ընթերցանության օլիմպիադա «Մայրենի» առարկայի շրջանակում. այսօր Երևանի և մարզերի շարք դպրոցներում անցկացվել է օլիմպիադայի մարզային փուլը:

ԿԳՄՍՆ-ի փոխանցմամբ՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այցելել է Երևանի Խ. Աբովյանի անվան թիվ 2 հիմնական դպրոց՝ հետևելու օլիմպիադայի ընթացքին, դիտարկելու ընդհանուր մասնակցությանը, լսելու աշակերտների և ուսուցիչների կարծիքները: «Կարծում եմ՝ ընթերցանության օլիմպիադայի անցկացումը նպաստելու է երեխաների՝ ընթերցելու կարողությունների զարգացմանը: Հատկանշական է, որ այս օլիմպիադան հանրապետական փուլ չի ունենալու, քանի որ նպատակը մեծ թվով աշակերտների մասնակցությունը և ընթերցանության խթանումն է»,- ասել է Արաքսիա Սվաջյանը:

Նրա տեղեկացմամբ՝ Գիրք նվիրելու օրվա միջոցառումների շրջանակում օլիմպիադայի հաղթողներին հնարավորություն կտրվի այցելելու Հայաստանի ազգային գրադարանի Գրատպության թանգարան և մասնակցելու ընթերցանության միջոցառմանը:

«Մայրենի» առարկայի օլիմպիադան անցկացվում է երկու՝ դպրոցական և մարզային փուլերով՝ տեքստի լուռ ընթերցանության և վերարտադրության ձևաչափով։ Օլիմպիադային մասնակցում են 5-րդ և 6-րդ դասարանների աշակերտները: Երևանի և մարզերի դպրոցներից օլիմպիադայի դպրոցական փուլին մասնակցելու հայտ է ներկայացրել 9849 աշակերտ, որոնցից 8687-ը փաստացի մասնակցել է առաջին փուլին: Ըստ դպրոցական փուլում ցուցաբերած արդյունքների՝ փետրվարի 12-ին կայացած մարզային փուլին մասնակցել է 632 աշակերտ։

Անդրադառնալով օլիմպիադաների անցկացման կարգի վերանայմանը նոր չափորոշչի ներդրման համատեքստում՝ նախարարի տեղակալը նշել է, որ դպրոցում իրականացվող բոլոր գործընթացները փոխկապակցված են։ Տվյալ պարագայում հաշվի է առնվել, որ նոր չափորոշիչն արդեն ներդրված է դպրոցների 7 դասարաններում․ «Վերանայվել է օլիմպիադաների անցկացման կարգը, առավել կանոնակարգված է դարձել թեստերի մշակման և ստուգման գործընթացը: Կարծում եմ՝ այս տարի նկատելի արդյունքներ ունենք ինչպես նոր օլիմպիադաների ներդրման, այնպես էլ մյուս օլիմպիադաների՝ ավելի արդյունավետ և օբյեկտիվ կազմակերպման առումով: Միաժամանակ, արձանագրված արդյունքները և խնդիրները վերլուծվում են՝ հաջորդ տարի գործընթացն ավելի արդյունավետ կազմակերպելու նպատակով»:

Նշենք, որ համաձայն սահմանված ընթացակարգի՝ օլիմպիադայի դպրոցական փուլի մասնակիցների կատարած աշխատանքները ստուգել են դպրոցի տնօրենի հրամանով «Մայրենի» և «Հայոց լեզու և գրականություն» առարկաների ուսուցիչներից ձևավորված հանձնաժողովները։ Մարզային փուլի մասնակիցների կատարած աշխատանքները ստուգում են մարզի կամ Երևանի քաղաքապետարանի կողմից ձևավորված «Հայոց լեզու և գրականություն» առարկայի հանձնաժողովները։

Առաջադրանքները գնահատվում է 100 միավորանոց սանդղակով /յուրաքանչյուր հարցի պատասխան առավելագույնը գնահատվում է 5 միավոր/: Սխալ պատասխանի համար միավոր չի տրվում, ուղղագրական և կետադրական յուրաքանչյուր սխալի համար հանվում է 0,5 միավոր։ Առավելագույն միավորը տրվում է, եթե աշակերտի կողմից ներկայացվում է տրամաբանված, հարուստ բառապաշարով պատասխան՝ հարազատ մնալով գրվածքի բովանդակությանը՝ կատարելով բառերի ճիշտ ընտրություն, նախադասությունների համոզիչ ձևակերպում, օգտագործելով ինքնատիպ բառապաշար։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում