ԼԼուսինե Մուրադյան

Երևանի ավագանու արտահերթ նիստը չկայացավ քվորում չլինելու պատճառով

Երևանի ավագանու արտահերթ նիստը չկայացավ քվորում չլինելու պատճառով

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը հունվարի 21-ին նախաձեռնել էր ավագանու արտահերթ նիստ:

Նիստին ներկա էր ավագանու 26 անդամ: Քվորում չլինելու պատճառով նիստը վարող փոխաքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը, կանոնակարգի համաձայն, հայտարարեց 30 րոպե ընդմիջում:

Ընդմիջման ավարտից հետո քվորում կրկին չկար, փոխքաղաքապետը հայտարարեց. «Հիմք ընդունելով կանոնակարգի 71-րդ կետի 2-րդ ենթակետը՝ նիստը համարվում է չկայացած»:

Նշենք, որ Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի մասնակցել ընդդիմության նախաձեռնած արտահերթ նիստին: Նիստ հրավիրելու նպատակը միասնական տոմսային համակարգի և դրան առնչվող նոր սակագների չեղարկումն է։

«Հարգելի՛ քաղաքացիներ,

 

Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի մասնակցելու ընդդիմության նախաձեռնած արտահերթ նիստին, որի նպատակը միասնական տոմսային համակարգի և նոր սակագների չեղարկումն է։ Այս որոշումն ընդունվել է հստակ գիտակցմամբ, որ նմանատիպ նախաձեռնությունները որևէ առնչություն չունեն քաղաքացիների սոցիալական կյանքի հետ և ծառայում են բացառապես ընդդիմության քաղաքական օրակարգին։

 

Տասնամյակներ շարունակ Երևանի տրանսպորտային համակարգը եղել է քաոսային, խիստ անարդյունավետ և հնացած վիճակում։ Մենք որոշում ենք կայացրել վերջ տալ այդ իրավիճակին։ Խոստացել էինք, որ փոխելու ենք «հուսահատության գազելները», և փոխեցինք։ Այժմ կառուցում ենք նոր, ժամանակակից, կանոնակարգված համակարգ, որը պետք է լինի երկարաժամկետ լուծում, այլ ոչ թե կարճաժամկետ քաղաքական խաբկանք։

 

Մինչդեռ ընդդիմությունն իր հերթին զբաղված է դասական պոպուլիզմով՝ փորձելով մոլորեցնել հանրությանը, թե, իբր, մեկ ուղևորությունը 100 դրամից դառնալու է 300 դրամ և, այդպիսով, խոչընդոտել բարեփոխումները։ Սակայն իրականությունը լրիվ այլ է, որի մասին բազմիցս հայտարարել ենք: Նրանց համար խնդիրը երբեք էլ չի եղել տրանսպորտի որակի բարձրացումը. նրանց մի մասը ժամանակին եղել է գազելների գծատերերի կլանային խմբի թիմակից, իսկ մյուս մասը, օգտագործելով հանրության հույզերը, փորձում է ընդամենը փոքր հնարավորություն ստեղծել՝ հաջորդ ընտրություններում որևէ դերակատարում ունենալու համար։

 

Մեզ համար պարզ է, որ ցանկացած փոփոխություն դիմադրության է հանդիպում, հատկապես երբ խոսքը վերաբերում է համակարգային բարեփոխումներին։ Սակայն, որքան էլ դժվար ընկալվի, այս ճանապարհն է միակ ճիշտը՝ երկարաժամկետ և կայուն տրանսպորտային համակարգ ապահովելու համար։ Երևանի խնդիրները բազմաթիվ են, և անհրաժեշտ է ունենալ բալանսավորված ֆինանսական համակարգ, այլ ոչ թե տրանսպորտ, որը կֆինանսավորվի մանկապարտեզների, վերելակների կամ ավերակների և ավտոտնակների վերածված բակերի բարեկարգման և մի շարք այլ խնդիրների լուծման հաշվին։

 

Մենք տեսնում ենք, որ ընդդիմությունը ոչ թե առաջարկում է այլընտրանքային լուծումներ, այլ պարզապես օգտագործում է մարդկանց զգացմունքները՝ բողոքի ալիք բարձրացնելու նպատակով։

 

Միասնական տոմսային համակարգը շարունակաբար զարգացող և կատարելագործվող համակարգ է, ինչը ենթադրում է, որ առաջիկայում ավագանու նիստերում հնարավոր է հաճախ լինեն փոփոխություններ և լրացումներ։ Փետրվարի 11-ի նիստի օրակարգում նույնպես նախատեսվում է ներկայացնել փոփոխություններ, որոնք ձևավորվել են քաղաքացիների բողոքների և առաջարկների հիման վրա։ Մանրամասների մասին կհայտարարվի առաջիկայում։

 

Մենք չենք շեղվելու մեր նպատակից և չենք դադարի աշխատել հանուն քաղաքի զարգացման։ Ժամանակը ցույց կտա, որ այս որոշումը եղել է ճիշտ»,- ասված է Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության տարածած հողորդագրության մեջ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում