ԼԼուսինե Մուրադյան

Մխիթար Հայրապետյանը՝ Հակոբ Ասլանյանին առնչվող միջադեպի և նրա վրա հավանական ճնշումների մասին

Մխիթար Հայրապետյանը՝ Հակոբ Ասլանյանին առնչվող միջադեպի և նրա վրա հավանական ճնշումների մասին

2024-ի աշխատանքներն ամփոփող ասուլիսի ժամանակ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանն անդրադարձավ իր և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախկին պատգամավոր Հակոբ Ասլանյանին առնչվող միջադեպին և իր ու իր նախկին թիմակցի հետ հարաբերություններին:

ԲՏԱ նախարարը պարզաբանեց՝ Հակոբ Ասլանյանը եղել է իր ուսուցիչը, «Հայոց պատմություն» առարկայի կրկնուսույցը: Մանկությունից ճանաչել է Ասլանյանին, քանի որ ապրել են նույն բակում, եղել են հարևաններ: 2016-ին Ասլանյանը ցանկություն է հայտնել ընդգրկվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թիմում, Մխիթար Հայրապետյանի միջնորդությամբ դա իրագործվել է: 2018-ին, երբ Հայրապետյանը նշանակվել է նախարար, Ասլանյանը նշանակվել է «Հայրենիք-Սփյուռք» ՊՈԱԿ-ի տնօրեն, իսկ 2021 թվականին ՔՊ թիմով դարձել է պատգամավոր:

Հայրապետյանը հաստատում է՝ տեքստը, որը հրապարակել էր Ասլանյանը, հենց Հակոբ Ասլանյանինն է, բայց դա գրել է Հայրապետյանը, քանի որ Ասլանյանը պնդել է, որ չի կարողանում օգտվել տեղեկատվական տեխնոլոգիաներից:

«Այդ օրը ես իրեն նման նամակ գրել եմ մեսինջերով: Ինձ զանգահարել է, ես իրեն այցելել եմ, գնացել եմ իր տուն, խոսել ենք, և ես հասկացել եմ, որ Հակոբ Ասանյանը պահի տակ որոշակի էմոցիոնալ գնահատականներ է հնչեցրել: Ինձ առաջարկել է, որ իրեն օգնեմ՝ համապատասխան տեքստ հրապարակվի, որից հետո այդ տեքստն ուղարկել եմ իրեն. այն տեքստը, որը սքրինշոթով հրապարակել էր: Սա է ամբողջ եղելությունը:

Վերջին 3 տարիներին հաճախակի շփումներ չեմ ունեցել Հակոբ Ասլանյանի հետ տարբեր պատճառներով, սակայն դա այդպիսի մի իրադարձություն էր, որ ես՝ առնվազն մարդ, որ 8 տարի առաջ միջնորդ եմ եղել, որ միանա իմ քաղաքական թիմին, համարել եմ, որ… Ինձ հետաքրքրել է պատճառը, փորձել եմ հասկանալ հիմքը, արմատը նեղսրտության, և ինքն ինձ հետ կիսվել է: Վերջնարդյունքում, կրկնում եմ, ինձ առաջարկել է իրեն օգնեմ, որպեսզի նման հայտարարություն դնի, որովհետև, ըստ էության, զղջում էր իր արած հայտարարության համար:

Որքանով է եղել անկեղծ իր կողմից այդ երկխոսությունը, խնդրանքը, որքանով է պատահաբար հանկարծ տեքստի փոխարեն սքրինշոթ արել, որքանով է ցանկացել ինձ վնասել՝ ես այդ ամենը թողնում եմ անորոշությանը: Ինձ ընդհանրապես դա չի հետաքրքրում,- ասաց նա և հավելեց. «Չգիտեմ՝ ինչու է վերահաստատել, որ զղջում է, հետո 1 օր անց նորից հակասական հայտարարություններ է արել: Չգիտեմ: Այդ օրվանից հետո ես իր հետ չեմ խոսել, և առանձնապես դժվարությամբ եմ պատկերացնում որևէ առիթ, որևէ շփում Հակոբ Ասլանյանի հետ մի քանի պատճառով»:

Ինչ վերաբերում է Հակոբ Ասլանյանի վրա հնարավոր ճնշումներին, Մխիթար Հայրապետյանը կարծում է՝ դա անիմաստ և անհիմն գնահատական է. «Լավ չեք ճանաչում Հակոբ Ասլանյանին, որ մտածում եք, որ ես կարող եմ իրեն ճնշել: Լավ չեք ճանաչում ակնհայտորեն: Ամեն դեպքում, խոսում եք մի մարդու մասին, որը մի քանի պատերազմի մասնակցել է: Հիմա չկարծեք, թե Հակոբ Ասլանյանը շեղվել է քաղաքական իմ թիմից կամ դավաճանել է, և ես պիտի հանկարծ 1 վայրկյանում ուրանամ և կորցնեմ իմ մարդկային դեմքը: Լավ չեք պատկերացնում, որ խոսում ենք մի մարդու մասին, որը չգիտեմ՝ ինչ պատճառներով է նման վարքագիծ դրսևորում, բայց ունի անցած ճանապարհ: Նրանք, ովքեր կկարծեն՝ կկարողանան նման ձևով վախեցնել, ճնշել, դա ընդամենը նշանակում է, որ իրեն չեն ճանաչում: Ես ճանաչում եմ: Այլ բան է, որ մի քանի գործոն կա, որ գուցե օրերից մի օր խոսեմ այդ մասին, որոնք ոչ այնքան լավ են խոսում ամբողջ պատմության մասին: Բայց հիմա զերծ կմնամ»:

Հիշեցնենք՝ Հակոբ Ասլանյանը հայտարարել էր, որ սառեցնում է իր համագործակցությունը իշխող ՔՊ խմբակցության հետ։

Ավելի ուշ սոցցանցի իր էջում Հակոբ Ասլանյանը մի քանի սքրինշոթ էր հրապարակել, որոնցից մեկում երևացել է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանի անունը։

Ըստ Ասլանյանի՝ հարցազրույցում հայտարարությունը հիմնված էր եղել սխալ տեղեկությունների վրա, և նա շարունակում է մնալ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և խմբակցության անդամ: 

ԲՏԱ նախարարի խոսնակ Կարինե Տերտերյանն արձագանքել էր՝ նշելով.

«Պատգամավոր Հակոբ Ասլանյանը ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանի դպրոցական ուսուցիչն է եղել, 2016 թվականին ՔՊ-ին անդամագրվել է նախարարի միջոցով։ Ասլանյանն այսօր խորհրդակցել է նախարարի հետ և խնդրել իրեն օգնել իր հայտարարության տեքստի հետ կապված»:

Դեկտեմբերի 17-ին ՔՊ կուսակցության վարչության խորհրդի որոշմամբ Հակոբ Ասլանյանը հեռացվել էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում