ԲԴԽ նախագահն ու ՌԴ դեսպանն անդրադարձել են դատական համակարգերի համագործակցության հեռանկարներին

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության Արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Այս մասին տեղեկացնում են Դատական իշխանությունից:
Արթուր Աթաբեկյանը բարձր է գնահատել Ռուսաստանի Դաշնության հետ համագործակցության զարգացումը բոլոր ուղղություններով, հատկապես պետությունների համար կենսական նշանակություն ունեցող դատական ոլորտում։
Հանդիպման առանցքում են եղել դատական համակարգի բարեփոխումները․ ԲԴԽ նախագահը ներկայացրել է արդեն իսկ կատարված աշխատանքները, մասնավորապես՝ դատական գործերի ձգձգումներին վերջ դնելու, դատավորների ծանրաբեռնվածության թոթափմանը միտված փոփոխությունները և առաջիկա անելիքները՝ կարևորելով ինչպես կատարված օրենսդրական բարեփոխումները, այնպես էլ այն փաստը, որ արդեն իսկ գրեթե 100 տոկոսով համալրված են դատավորների հաստիքները, ինչն իր հերթին կնպաստի դատական համակարգի ծանրաբեռնվածության թոթափմանը և գործերի քննության ժամկետների կրճատմանը։
Խոսվել է երկու երկրների դատական համակարգերի համագործակցության հեռանկարների մասին։









