ԳԳոհար Սարգսյան

Կա թշնամանքի էջը շրջելու հնարավորություն. Միրզոյանը՝ Ադրբեջանի հետ հարաբերությունների մասին

Կա թշնամանքի էջը շրջելու հնարավորություն. Միրզոյանը՝  Ադրբեջանի հետ հարաբերությունների մասին

Ֆինլանդիա այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել տեղական Lännen Media լրատվական գործակալությանը, որի արդյունքում նախարարի հարցազրույցը ներառող՝ «Մենք ցանկանում ենք ավելի մոտենալ Ֆինլանդիային և մյուս ժողովրդավար երկրներին» վերտառությամբ հոդվածը հրապարակվել է ֆիննական չորս օրաթերթերում։ 

Անդրադառնալով Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին՝ որպես դրական նորություն նախարար Միրզոյանը նշել է սահմանազատման գործընթացում առաջընթացը. «Ընդհանուր առմամբ, մենք ունենք սահման և մենք գիտենք, թե որտեղ է այն. այն հիմնված է 1991 թ. Ալմա Աթայի հռչակագրի վրա, որը ստորագրվել է նախկին խորհրդային հանրապետությունների կողմից և վարչական սահմանները վերածել պետական սահմանների: Իհարկե, երկու երկրների հանձնաժողովները պետք է միասին աշխատեն հետագա սահմանազատման ու հստակ սահմանագծման ուղղությամբ»:

Նախարար Միրզոյանը,սահմանազատումը բնութագրելով որպես ապագա կայունության երաշխիք՝ նշել է. «Որքանով որ այս օրերին հնարավոր են որևէ երաշխիքներ, հստակ սահմանազատված սահման ունենալը շատ ուժեղ մեխանիզմ է»:

Հաղորդակցությունների բացման վերաբերյալ հարցի համատեքստում նախարար Միրզոյանը նշել է, որ Հայաստանը և Ադրբեջանը կարող են գալ այնպիսի լուծումների, որոնք ընդունելի կլինեն երկու կողմերի համար: «Մենք կարող ենք կազմակերպել հայկական ապրանքների անցումն Ադրբեջանի տարածքով և հակառակը՝ ադրբեջանական ապրանքներինը՝ Հայաստանի տարածքով: Առաջին փուլում կարող ենք վերսկսել երկաթուղային տարանցումը և աստիճանաբար ընդլայնել այն»:

Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման երրորդ բաղադրիչի՝ խաղաղության համաձայնագրի կնքման առնչությամբ նախարար Միրզոյանը նշել է. «Այժմ 17 հոդվածից 15-ի շուրջ արդեն համաձայնություն կա: Ես կարծում եմ, որ մենք կարող էինք վերջնական տեսքի բերել և ստորագրել պայմանագիրը նույնիսկ մինչև Բաքվում կայացած COP29 կլիմայական գագաթնաժողովը: Ցավոք, դա տեղի չունեցավ, բայց հիմա մենք պատրաստ ենք դա անել սեղմ ժամկետներում: Կարելի է ասել, որ սա հույսի պահ է: Ես կասեի, որ շատ մոտ ենք: Բայց չնայած մեր երկու պետությունների և հասարակությունների ողբերգական անցյալին, կա թշնամանքի էջը շրջելու հնարավորություն: Անցյալը դժվարին է եղել։ Այն դժվար է ըմբռնել, մոռանալ, ներել, բայց մեր տարածաշրջանում բավարար չափով արյուն է թափվել, և հիմա մենք ունենք հնարավորություն նայելու դեպի ապագա»:

2020 թ. Լեռնային Ղարաբաղում պատերազմից հետո Հայաստանում ներքին քաղաքական  ճգնաժամի առնչությամբ նախարար Միրզոյանը նշել է. «Երկրի վարչապետը, կառավարությունը և քաղաքական թիմը որոշեցին անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Մենք դիմեցինք ժողովրդին և հարցրեցինք երկու բան՝ արդյոք նրանք աջակցո՞ւմ են ավելի խոր ժողովրդավարական բարեփոխումներին և խաղաղության օրակարգին, այսինքն՝ կառավարության քաղաքականությանը: Մենք նորից ստացանք ձայների մեծամասնությունը: 2026 թվականի ընտրությունների ժամանակ մենք կրկին կտանք այդ հարցը, չնայած որ հարցումները նույնպես ցույց են տալիս կառավարության քաղաքականության նկատմամբ աջակցությունը:

Ներկայումս մենք կենտրոնացած ենք մեր երկրի անվտանգության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ամրապնդման վրա: Մյուս կողմից՝ մենք կենտրոնացած ենք մեր երկրի բարգավաճման, շարունակական արդիականացման և ժողովրդավարացման վրա: Եվ սա, բնականաբար, մեզ ավելի է մոտեցնում Եվրոպային և ձեր արժեքային ընտրության նման ընտրություններին:

Միաժամանակ, ընթացակարգերի և կանոնների նկատմամբ ամենայն հարգանքով հանդերձ՝ գուցե ժամանակն է գործել այլ կերպ, քան «սովորական ընթացքի» (business as usual) ռեժիմով։ Սա կարող է վերաբերել թե՛ աշխարհաքաղաքական որոշումներին, թե՛ ներքին նշանակության որոշումներին։ Աշխարհը փոխվում է։ Թերևս, ժամանակն է կայացնել համարձակ քաղաքական որոշումներ»:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում