ԼԼուսինե Մուրադյան

Վարչապետը հայտարարել է, որ որոշումներ է կայացնելու և որոշումները կայացրել է. Կոնջորյանը՝ պաշտոնանկությունների մասին

Վարչապետը հայտարարել է, որ որոշումներ է կայացնելու և որոշումները կայացրել է. Կոնջորյանը՝ պաշտոնանկությունների մասին

Վստահ եմ, որ ուրբաթ օրվա Կառավարության նիստին հետևել եք, և վարչապետը դատաիրավական համակարգի, հանցավորության վիճակի և ընդհանրապես Հայաստանում իրավակարգի վերաբերյալ հայտնել է իր դիտարկումները, դժգոհությունները, և, ըստ էության, նաև հայտարարել է, որ որոշումներ է կայացնելու, և որոշումները կայացրել է: Այնպես որ, որևէ բան անակնկալ չէ: Այդ մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը՝ պատասխանելով հարցին, թե պաշտոնանկությունները նախընտրական էլեմենտնե՞ր են պարունակում, թե՞ դատաիրավական համակարգի դժգոհությունների արդյունք են:

«Հայաստանում դատաիրավական համակարգի վերաբերյալ դիտարկումները թե՛ վարչապետի, թե՛ կառավարող ուժի կողմից նոր չեն: Բազմիցս նաև վարչապետը Կառավարության նիստում խոսել է այս թեմաներով, նաև մենք էլ՝ որպես խմբակցություն, բազմիցս այս հարցերը բարձրաձայնել ենք, այդ թվում՝ հրապարակային, այդ թվում՝ Ազգային ժողովում հարցուպատասխանի ժամանակ:

Ըստ էության, մարդիկ Հայաստանում ունեն արդարության պահանջ, և մենք չափազանց կարևորում ենք, որ արդարության պահանջն էմոցիոնալ պահանջից վերաձևակերպվի, դառնա ինստիտուցիոնալ որոշում: Եվ այս մասով կան արված գործեր, բայց նաև կան բացթողումներ, և նաև կան չարված գործեր, և վարչապետը շատ հստակ այդ մասին խոսեց: Սա էլ այդ պրոցեսի տրամաբանական շարունակությունն է: Սրան պիտի նայել համակարգային և կադրային տեսանկյունից, ոչ թե ներքաղաքական կամ, ինչպես դուք նշեցիք, նախընտրական: Չկա նման բան»,- ասաց Կոնջորյանը:

Ինչ վերաբերում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Նարեկ Զեյնալյանի և Հովիկ Աղազարյանի՝ մանդատը վայր դնելու քննարկումներին, Կոնջորյանը հիշեցրեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունում կա հարուցված կարգապահական վարույթ հարցի վերաբերյալ, որը ծագել էր խորհրդարանական լսումներից հետո, և այդ վարույթը պետք է քննարկվի:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը հավելեց՝ քննարկումից հետո որոշումների մասին կծանուցվի. «Կա հարուցված կարգապահական վարույթ, որը կունենա բնականաբար հետևանքներ, և նաև կարգապահական վարույթի հարուցումն ինքնին նշանակում է, որ կա վարույթը հարուցելու համար բավարար հիմք, իսկ թե ինչ հետևանքներ կլինեն, դրա մասին արդեն լրացուցիչ կծանուցենք»:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում