ԼԼուսինե Մուրադյան

Խորհրդարանական լսումների շրջանակում քննարկվել են Ընտրական օրենսգրքում առաջարկվող կարգավորումները

Խորհրդարանական լսումների շրջանակում քննարկվել են Ընտրական օրենսգրքում առաջարկվող կարգավորումները

ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ նոյեմբերի 8-ին տեղի են ունեցել  խորհրդարանական լսումներ Ընտրական օրենսգրքում և հարակից օրենքներում առաջարկվող նոր կարգավորումների վերաբերյալ:

Խորհրդարանական լսումներին մասնակցել են օրենսդիր և գործադիր մարմինների, քաղհասարակության, կուսակցությունների ներկայացուցիչներ:

Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը տեղեկացրել է, որ տևական ժամանակ քննարկվել է օրենքների նախագծերի փաթեթը, ձևավորվել է աշխատանքային խումբ ԱԺ պատգամավորների և պատկան մարմինների մասնակցությամբ: Ընտրական օրենսգրքի լավարկմանն ուղղված հարցերի վերաբերյալ տեղի է ունեցել նաև արտագնա քննարկում:

Կարևորելով հանրային լսումների ձևաչափը` ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը ներկայացրել է օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվող փոփոխություններն ու լրացումները: Նա համոզմունք է հայտնել, որ կլինեն առարկայական առաջարկություններ, որոնք կբարելավեն արդեն առաջին ընթերցմամբ ԱԺ-ի ընդունած օրենքների նախագծերի փաթեթը: «Ժողովրդավարության ամրապնդման գործում առանցքային նշանակություն ունի ժողովրդավարական ինստիտուտների, ընտրական համակարգի շարունակական  բարելավումը»,- ասել է նախարարի տեղակալը` հավելելով, որ օրենսդրությունը բարեփոխելու նախաձեռնությունը Հայաստանում մեկնարկել է 2018 թվականից: Նրա խոսքով հետագայում էլ շարունակվել է ընտրական օրենսդրության բարելավման քաղաքականությունը:

Արմենուհի Հարությունյանի ներկայացմամբ՝ 2021թ. հունիսի 20-ին կայացած խորհրդարանական արտահերթ ընտրությունների և 2021-2022 թթ. համամասնական ընտրակարգով անցկացված ՏԻՄ ընտրությունների ընթացքում ծագել են բազմաթիվ խնդիրներ: Դրանք արձանագրվել են ինչպես իրավակիրառ մարմինների, այնպես էլ դիտորդական առաքելություն իրականացրած տեղական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների ու ընտրություններին մասնակցած քաղաքական ուժերի կողմից:

Ըստ հիմնական զեկուցողի` քննարկվող օրենսդրական փաթեթում փորձ է արվել անդրադառնալ արձանագրված  խնդիրներին: Նշվել է, որ տեղամասային կենտրոնների մեծ մասը դեռևս մատչելի չէ հաշմանդամության կամ տեղաշարժման, հենաշարժողական դժվարություններ ունեցող անձանց համար: Նա շեշտել է, որ ընտրական օրենսդրությամբ կսահմանվեն բավարար իրավական երաշխիքներ: Նշվել է, որ արտակարգ և ռազմական դրության պայմաններում ընտրությունների նշանակմանն ու անցկացմանն առնչվող դրույթներում եւս կկատարվեն համապատասխան փոփոխություններ:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալն ընդգծել է, որ օրենսդրական նախաձեռնության ընդունմամբ հնարավոր կլինի նպաստել ընտրական համակարգի շարունակական կատարելագործմանը, Հայաստանում ձևավորված ժողովրդավարության ամրապնդմանն ու բարելավմանը: Նա տեղեկացրել է, որ նախագծերի փաթեթի մշակման ժամանակ հաշվի են առնվել Վենետիկի հանձնաժողովի, քաղհասարակության տարբեր ներկայացուցիչների, դիտորդական առաքելությամբ զբաղվող ՀԿ ներկայացուցիչների կարծիքներն ու դիտարկումները: Հիմնական զեկուցողը համոզմունք է հայտնել, որ օրենսդրական փաթեթի ընդունումը կնպաստի նաև ընտրությունների պատշաճ կազմակերպման հնարավորութունների ստեղծմանը, նախընտրական քարոզչության ֆինանսական թափանցիկության ապահովմանը:

Արմենուհի Հարությունյանը պատասխանել է մասնակիցների հարցերին` ներկայացնելով հավելյալ պարզաբանումներ արտակարգ և ռազմական դրության պայմաններում ընտրությունների նշանակման ու անցկացման, ինչպես նաև կուսակցությունների ֆինանսավորմանն առնչվող կարգավորումների վերաբերյալ:

Օրենսդրական փաթեթում նախատեսվող փոփոխությունների վերաբերյալ դիտարկումներ ու առաջարկներ են ներկայացրել լսումների մասնակիցները: Նրանք կարևորել են ընտրական գործընթացում իրականացվող բարեփոխումները, խոսել Ընտրական օրենսգրքում որոշ դրույթներ փոփոխելու անհրաժեշտությունից: Որոշ կարգավորումներ համարվել են խնդրահարույց և անընդունելի: Ընտրական գործընթացներում կարևորվել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի դերակատարությունը:

Ելույթներում անդրադարձ է եղել կուսակցությունների քաղաքական ֆինանսավորման թեմային: Բարձրացվել են տարածքային ընտրական հանձնաժողովների նիստերի հրապարակայնությանը և նախընտրական հիմնադրամների մուտքերի օրինականության ստուգմանը վերաբերող հարցեր:

ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը նշել է, որ ներկայացված բազմաթիվ ծավալուն կարգավորումներ ամբողջական չեն և կարիք ունեն լրացուցիչ քննարկման:

Եզրափակիչ ելույթում արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանի խոսքով հնչած որոշ առաջարկներ կտեղայնացվեն փաթեթում: «Ընտրական փաթեթն ունի միայն մեկ նպատակ` ապահովել քաղաքացիների` ընտրական իրավունքն ազատ արտահայտելու հնարավորությունը, և այդ նպատակին մենք անշեղորեն գնալու ենք»,- ընդգծել է զեկուցողը:

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, ամփոփելով լսումները, նշել է. «Ընտրական օրենսգիրքը քաղաքական դաշտում պայքարի համար նախատեսված ընդհանուր խաղի կանոններն են, որոնք պետք է ընդունելի և հասկանալի լինեն բոլորի համար և հեշտ ու հստակ` իրականացման տեսանկյունից»: Պատգամավորն անդրադարձել է մասնակիցների ելույթներում հնչած դիտարկումներին:

Վլադիմիր Վարդանյանի խոսքով՝ բոլոր կուսակցությունները պետք է ունենան  ֆինանսավորման նույն հնարավորությունները: Զեկուցողը, կարևորելով հնչած առաջարկներն ու քննադատությունները, հավելել է. «Այն, որ այս քննարկումը տեղի է ունենում անկախ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի դահլիճում, արդեն ժողովրդավարության հաղթանակ է: Պետք է  ամեն ինչ անենք, որ այդ ժողովրդավարական արժեքներն ու պետականությունը դառնան այն հարատև արժեքները, որոնցով մենք պետք է շարժվենք առաջ»:

Պատգամավորը նշել է, որ մինչև երկրորդ ընթերցում նախաձեռնությունը լրամշակելու նպատակով կշարունակվեն շահագրգիռ կողմերի մասնակցությամբ աշխատանքային քննարկումները` հաշվի առնելով ներկայացված առաջարկները:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում