ԼԼուսինե Մուրադյան

ԿԸՀ-ն բավարարել է ՀՀ-ի՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթաց նախաձեռնելու մասով 51 քաղաքացիների դիմումը

ԿԸՀ-ն բավարարել է ՀՀ-ի՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթաց նախաձեռնելու մասով 51 քաղաքացիների դիմումը

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը սեպտեմբերի 11-ի հերթական նիստում բավարարել է 51 քաղաքացիների դիմումը «Եվրոպայի միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» ՀՀ օրենքի նախագիծը քաղաքացիական նախաձեռնության կարգով առաջարկելու նպատակով նախաձեռնող խումբ կազմավորելու վերաբերյալ։ Նախաձեռնող խմբի լիազոր է նշանակվել Արտակ Հայկազի Զեյնալյանը։ 

Հարցը զեկուցող ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը հայտնեց, որ նախաձեռնող խումբը ԿԸՀ է ներկայացրել «Հանրաքվեի մասին» օրենքով սահմանված անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը։

Նախագիծը հանրաքվեին ներկայացնելու համար անհրաժեշտ ստորագրությունների հավաքումն իրականացվում է ԿԸՀ-ի կողմից նախաձեռնող խմբին գրանցելուց հետո 60 օրվա ընթացքում։ Ստորագրությունների հավաքման ժամկետ է սահմանվել 2024 թվականի սեպտեմբերի 16-ից նոյեմբերի 14-ը ներառյալ։

Մեկ այլ որոշմամբ հանձնաժողովը սահմանել է քաղաքացիական նախաձեռնության անդամի և քաղաքացիական նախաձեռնության լիազոր ներկայացուցչի վկայականների ձևը։

Նիստում քննարկվել են նաև Երևանի քաղաքապետի՝ սեպտեմբերի 10-ին ԿԸՀ ուղարկած արձանագրությունները։ Երևանի ավագանու անդամ Անուշ Մարզպետունու Գինոսյանի լիազորությունները վաղաժամկետ դադարել են, մանդատը տրամադրվել է Երևանի ավագանու «Հանրային ձայն» կուսակցության ընտրական ցուցակի հաջորդ կին թեկնածու Լուսինե Գուրգենի Բուղայանին։

Երևանի ավագանու անդամ Անույշ Ռուբիկի Խուդավերդյանի լիազորությունները վաղաժամկետ դադարելու հիմքով մանդատ է տրամադրվել Երևանի ավագանու «Հանրային ձայն» կուսակցության ընտրական ցուցակի հաջորդ կին թեկնածու Դիաննա Արսենի Ալեքյանին։

Երևանի ավագանու անդամ Գրիգոր Աշոտի Երիցյանի լիազորությունները վաղաժամկետ դադարելու հիմքով մանդատ է տրամադրվել Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» կուսակցության ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Վահագն Ալբերտի Իսոյանին։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում