Ոստիկանները հայտնաբերել են առևանգված կնոջը. կան ձերբակալվածներ

ԳԳոհար Սարգսյան

Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 14.58-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած անձը հայտնել է, որ Աշտարակի խճուղում գտնվող լողավազանի մոտ կեսօրին իր օտարերկրացի բարեկամուհուն են մոտեցել ԱԱԾ գրառմամբ հագուստով 2 հոգի և ոչինչ չասելով՝ «ԲՄՎ-ով» նրան տարել անհայտ ուղղությամբ: Զանգողը ենթադրել է, որ բարեկամուհուն առևանգել են, քանի որ, ըստ իր ճշտումների՝ վերջիններս ԱԱԾ աշխատակիցներ չէին:

Հաղորդումը փոխանցվեց ոստիկանության Մաշտոցի բաժին: Ահազանգողից ընդունվեց հաղորդում, կազմված փաստաթղթերն ուղարկվեցին քննչական բաժին: Նախաձեռնվեց քրեական վարույթ և ոստիկանները Քննչական կոմիտեի գործընկերների հետ սկսեցին հանցագործության բացահայտման աշխատանքները։ Իրավապահները հաստատեցին, որ, իսկապես, «ԲՄՎ»-ով կնոջը տարած մարդիկ Ազգային անվտանգության ծառայության հետ ոչ մի կապ չունեն, իսկ որ կատարվածը շորթման նպատակով կատարված անձի առևանգում է` հաստատվեց հաջորդ օրը:

«Կնոջն առևանգելուց հետո, հաջորդ օրը, նրա ամուսնու հետ կապ են հաստատում «Վոթսափ» և «Տելեգրամ» հավելվածների միջոցով, որոնք գրանցված էին օտարերկրյա պետություններում գրանցված բջջային օպերատորների կողմից տրամադրված հեռախոսահամարներով: Տուժողի ամուսնուց պահանջել են փրկագին` չորս միլիոն դոլար, որը պետք է փոխանցվեր կրիպտոարժույթի միջոցով»,-ներկայացնում է ՔՈԳՎ ՕՀՏ ՀՀԴՊ վարչության պետի տեղակալ Արմեն Աբրահամյանը: Ու քանի որ հանցագործության ընթացքում օգտագործվել էին հեռահաղորդակցության համակարգեր և փրկագին ստանալու համար տրամադրել էին կրիպտոդրամապանակներ` բացահայտմանը միացավ ՔՈԳՎ կիբեռհանցագործությունների դեմ պայքարի ստորաբաժանումը:

«Ստանալով հանցագործության ընթացքում օգտագործված բջջային հեռախոսահամարների, տեխնիկական այլ միջոցների, այդ թվում` «Վոթսափ» և «Տելեգրամ» հեռահաղորդակցության համակարգերի և կրիպտոդրամապանակների վերաբերյալ տեղեկատվությունը` օգտագործեցինք մեր ողջ զինանոցը, այդ թվում նաև միջազգային համագործակցությունը: Հնարավոր եղավ պարզել, թե որտեղ և ինչ եղանակով են ձեռք բերվել բջջային հեռախոսահամարները, երբ են դրանք ակտիվացվել, ինչ միջոցով և ումից են ձեռք բերվել կրիպտոդրամապանակները և փոխանցվել տուժող քաղաքացիներին: Այդ ամբողջ տեղեկատվության վերլուծության արդյունքում հնարավոր եղավ պարզել հանցագործություն կազմակերպած անձի ինքնությունը»,-ներկայացնում է ՔՈԳՎ կիբեռհանցագործությունների դեմ պայքարի բաժնի պետ Հայկ Մկրտչյանը:

Մասնավորապես պարզվեց, որ կազմակերպիչը` Երևանի բնակիչ 37-ամյա տղամարդը, առևանգմանը նախորդող օրերին` օգոստոսի 15-ին, 22-ին, 25-ին և 30-ին այցելել է Տավուշի մարզի Ոսկեպար գյուղ, իսկ առևանգումից հետո` սեպտեմբերի 5-ին կարճ ժամանակով լքել է հանրապետության տարածքը, իսկ 7-ին` կրկին հայտնվել Ոսկեպարում:

Ճշտվեց, որ օգոստոսի 30-ին և սեպտեմբերի 7-ին կազմակերպիչը Ոսկեպար մեկնել է հանցավոր խմբի մեկ այլ անդամի` Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղի 42-ամյա բնակչի հետ: Պարզվեց նաև, որ հանցագործության կազմակերպմանն ու իրականացմանը մասնակցած մեկ այլ երևանցի` Նորաշեն թաղամասի բնակիչ 38-ամյա տղամարդը, սեպտեմբերի 5-ի գիշերը Բագրատաշենով մտել է Վրաստան, այնտեղ ձեռք բերել վրացական հեռախոսահամարներ, «Վոթսափ» և «Տելեգրամ» համակարգերում գրանցել անհատական հաշիվներ, որոնց միջոցով էլ նամակագրություն է վարել առևանգված կնոջ ամուսնու հետ:

«Կազմակերպչի անձը պարզելուց հետո ՔՈԳՎ և ոստիկանության մյուս ստորաբաժանումների հետ համատեղ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հնարավոր դարձավ պարզել հանցագործությանը ներգրավված մյուս անձանց ինքնությունը: Կարճ ժամանակ անց հաջողվեց պարզել նաև այն հասցեն, որտեղ պահվում էր առևանգված կինը»,-ներկայացնում է ՔՈԳՎ ՕՀՏ ՀՀԴՊ վարչության պետի տեղակալ Արմեն Աբրահամյանը:

Հետագա մանրակրկիտ ուսումնասիրություններով պարզվեց, որ առևանգելուց հետո կնոջը տեղափոխել են Նոյեմբերյան-Ազատամուտ ավտոճանապարհին՝ Ոսկեպար գյուղի սկզբնամասում գտնվող մի շինություն:

Սեպտեմբերի 8-ին, մինչ ոստիկանների մի խումբ մեկնում էր պատանդառված կնոջը գտնելու, ոստիկանների բռնող խումբը երեկոյան ժամը 5-ի սահմաններում հանցավոր խմբի երեք անդամների հայտնաբերեց մայրաքաղաքի Իսակովի պողոտայում և, «ԲՄՎ» մակնիշի մեկ այլ մեքենայով հանդերձ, նրանց տեղափոխեց ոստիկանություն: Նույն օրը, ժամը 19.30-ին, Ոսկեպար գյուղի սկզբնամասում գտնվող շինությունում ձերբակալվեց կնոջը ազատազրկած պահող 41-ամյա մեկ այլ երևանցի:

Ոսկեպարում ձերբակալվել է նաև շինությունը փաստացի տնօրինող «Կադո» մականվամբ 49-ամյա տղամարդը: Նույն շինության մեջ էր նաև պատանդառված կինը: Ձեռնարկվում են միջոցներ՝ առևանգմանը մասնակցած ևս մեկ անձի` Երևանի Նորաշեն թաղամասի բնակիչ 38-ամյա տղամարդուն հայտնաբերելու ուղղությամբ: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում